Տնտեսություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱՄՆ-ում հանդիպել է Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի գործադիր նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱՄՆ-ում հանդիպել է Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի գործադիր նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 12-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր նախագահ Դեյվիդ Բոհիգյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետի գրասենյակից, հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեծապես կարևորել է համագործակցությունը ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի հետ և ներկայացրել այն հիմնական ուղղությունները, որտեղ հնարավոր է զարգացնել համագործակցությունը: Մհեր Գրիգորյանը պարոն Բոհիգյանին ներկայացրել է ՀՀ կառավարության գերակայություններն ու անդրադարձել այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ բարեփոխումները կհանգեցնեն ՀՀ տնտեսության աճին: Ըստ փոխվարչապետի՝ Հայաստանում առաջնային հանրային առաջարկի ինստիտուտի կայացմամբ բնակչության, ինչպես նաև սփյուռքի ներդրումային ներուժն իրացնելու հնարավորությունը մեծանում է:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի գործունեության ընդլայնման համար ստեղծված պայմանների և համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում