Հասարակական

ՊԵԿ-ը բացահայտել է պոկեր խաղի մրցաշարերն առանց լիցենզիայի կազմակերպելու գործունեություն

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը բացահայտել է պոկեր խաղի մրցաշարերն առանց լիցենզիայի կազմակերպելու գործունեություն

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու փաստի պարզաբանման նպատակով, համագործակցելով տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության հետ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը «Սենատոր Սպորտ» ՍՊԸ-ի նկատմամբ իրականացրել է oպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում պարզվել է, որ ընկերությունը Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում 2018թ. նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 9-ը կազմակերպել և անցկացրել է «Armenia Snowfest» անվամբ «կենդանի պոկեր» խաղի մրցաշարեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, փաստի հիման վրա կազմված արձանագրությունն ուղարկվել է ՊԵԿ իրավաբանական վարչություն` գործի քննություն իրականացնելու նպատակով:

Վարչական վարույթի ընթացքում հաստատվել է այն հանգամանքը, որ ընկերությունը Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում խաղի մրցաշարերը կազմակերպել և անցկացրել է` առանց շահումով խաղերի կազմակերպման համար լիազոր մարմնի կողմից տրված լիցենզիայի:

ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից կայացված վարչական ակտով ընկերությանն առաջադրվել է տուգանք 1 միլիարդ 500 միլիոն դրամի չափով և վնասի հատուցման գումար` 150 միլիոն դրամի չափով, ընդհանուր առմամբ` 1 մլրդ 650 մլն դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում