Պաշտոնական

Արարատ Միրզոյանը Կատարի Պետությունում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը Կատարի Պետությունում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջխորհրդարանական միության 140-րդ նստաշրջանի շրջանակներում ապրիլի 7-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Կատարում հանդիպել է միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից, Արարատ Միրզոյանը գլխավոր քարտուղարին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ միջազգային դիտորդների կողմից տրված բարձր գնահատականը: Խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանը Միջխորհրդարանական միության անդամ է 1995 թվականից եւ վստահություն հայտնել, որ նոր գումարման Ազգային ժողովի պատգամավորներն առավել ակտիվ կերպով կներգրավվեն կազմակերպության աշխատանքներում:

Գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ կարծիք հայտնել, որ Հայաստանի խորհրդարանականների ներկայությունը Միջխորհրդարանական միությունում աջակցում է աշխարհում ժողովրդավարության թարմացման գործընթացին:

Կողմերը քննարկել են համագործակցության խորացման եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակը եւ պայմանավորվել մոտ ապագայում Միջխորհրդարանական միության հովանու ներքո Երեւանում կազմակերպել կանանց քաղաքական մասնակցությանը նվիրված աշխատաժողով:

Հանդիպմանն օրենսդիր մարմնի ղեկավարը միության գլխավոր քարտուղարին է հանձնել Միջխորհրդարանական միության կողմից մշակված «Խորհրդարաններին աջակցության ընդհանուր սկզբունքներին» հետեւելու պատրաստակամությունն արտահայտող նամակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում