Մրցակցություն, ընտրության հնարավորություն. հաշմանդամություն ունեցող անձինք անհրաժեշտ պարագաները ձեռք են բերում հավաստագրով
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունեն անհրաժեշտ պարագաները ձեռք բերել հավաստագրով, ինչը ենթադրում է մրցակցություն և ընտրության լայն հնարավորություն: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի փորձագետ Գևորգ Խաչատրյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ մինչ հավաստագրի գործընթացին ամբողջական անցնելը, նախ ծրագիրը փորձարկվել է մի քանի պարագաների դեպքում: Սկզբում հաշմանդամություն ունեցող անձանց հավաստագրով տրամադրվել են սայլակները, լսողական ապարատները:
«Արդյունավետությունը տեսանք, հաշմանդամություն ունեցող անձանցից դրական արձագանքներ ստացանք և որոշվեց անցում կատարել բոլոր պարագաներին: Այս տարի հաշմանդամություն ունեցող անձինք իրենց անհրաժեշտ բոլոր պարագաները կարող են ձեռք բերել հավաստագրով: Ի՞նչ է դա ենթադրում: Նախկինում դա կատարվում էր պետական գնումների միջոցով և մեկ կազմակերպություն էր ապահովում այդ պարագաները: Հիմա տարբեր կազմակերպություններ որակավորվում են նախարարության կողմից: Արդյունքում հաշմանդամության պարագաներն ապահովում են մի քանի ընկերություններ, ինչը բերում է մրցակցության»,-ասաց Գևորգ Խաչատրյանը:
Ստացվում է հաշմանդամություն ունեցող անձը, ով ստանում է հավաստագիր, ինքն է ընտրում, թե անհրաժեշտ պարագաները որ կազմակերպությունից վերցնի:
«Մենք այսօր կազմակերպությունների շրջանում մրցակցություն ունենք, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք էլ ունեն ընտրության լայն հնարավորություն: Այսօր ունենք պարագաներ, որոնք 7-8 կազմակերպություններ են տրամադրում, իսկ դա նշանակում է, որ անձը կարող է պարագան ընտրել որտեղից որ ցանկանա: Տեսեք նախկինում մեկ կազմակերպություն էր այդ ամենն ապահովում, և բնական է, որ որքան էլ ցանկանար, չէր կարողանա 8 կազմակերպությանը հավասար տեսականի ապահովել»,-ասաց Գևորգ Խաչատրյանը:
Հաշմանդամություն ունեցող անձին տրվող հավաստագիրը ենթադրում է գումարի չափ, որի շրջանակում էլ քաղաքացին ընտրում է պարագան: Գևորգ Խաչատրյանը նկատեց, որ այդ պարագաներն ապահովող կազմակերպություններն ունեն մասնաճյուղեր տարբեր տեղերում, դա նշանակում է, որ հաշմանդամություն ունեցող անձը ստիպված չի լինի միայն մեկ տեղ գնալ:
Այն հարցին, թե ի՞նչ հնարավորություն է նախատեսված անձի համար, եթե նա նախընտրում է հավաստագրով սահմանված գումարից ավելի թանկ պարագա, Գևորգ Խաչատրյանը նշեց, որ բավական ճկուն համակարգ է գործում: Եթե հաշմանդամության պարագան ավելին արժե, քան հավաստագրով տրված գումարը, ապա նա կարող է ավելացնել գումար և ձեռք բերել այն ինչ ուզում է: Եթե իր նախընտրած պարագան հավաստագրի գումարից էժան է, ապա այդ հավելյալ գումարով նա հնարավորություն ունի հարակից այլ պարագաներ:
Ներկայում հավաստագրով հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է 82 անուն 11 հազար պարագա: