Տնտեսություն

Մհեր Գրիգորյանը և Տիմուր Ժակսիլիկովը քննարկել են ԵԱՏՄ-ում կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագրի նախագիծը

2 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանը և Տիմուր Ժակսիլիկովը քննարկել են ԵԱՏՄ-ում կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագրի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող ինտեգրացիոն նախագծերը և վստահություն հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր է նորանոր ձեռքբերումներ ունենալ տնտեսական և ֆինանսական ոլորտներում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի նախագիծը, մտքեր են փոխանակել նախագծում առկա առանձին դրույթների շուրջ: Մհեր Գրիգորյանն ու Տիմուր Ժակսիլիկովը կարևորել են համաձայնագրի դերը ԵԱՏՄ երկրների կենսաթոշակառուների իրավունքների պաշտպանության հարցում:

ԵԱՏՄ տարածքում աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովման տեսանկյունից փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է վարորդական իրավունքների փոխճանաչման և միգրացիոն քարտերում առանց այցելության նպատակի փոփոխության աշխատանքային գործունեություն իրականացնելու հնարավորության կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել վերոնշյալ ուղղություններով առկա խնդիրների շուրջ և երկուստեք ընդգծել կառուցողական հունով դրանց լուծման ուղղությամբ իրականցվելիք քայլերի կարևորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում