Մարտունի քաղաքում զարգացման թափ է հավաքում ձիարշավային տուրիզմը

4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում զարգացման նոր թափ է հավաքում ձիարշավային տուրիզմը, որը նախորդ տարիների ընթացքում նախաձեռնել եւ արմատավորել է լրագրող, դպրոցի զինղեկ Տիգրան Բաղիշջանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Տիգրան Բաղիշջանյանը, Մարտունի քաղաքում ձիաբուծության եւ ձիարշավային տուրիզմի արմատավորման նախաձեռնության իրականացմանն ինքը ձեռնամուխ է եղել դեռեւս 2013 թվականից՝ դրամաշնորհային ծրագրով: Կարճ ժամանակում նա արդեն հասցրել է ունենալ զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր երկրներից:

«Տարածքն անվճար եւ օժանդակության կարգով տրամադրել է Մարտունի քաղաքի բնակիչ Հրաչ Կարապետյանը: Սկզբից ձեռք եմ բերել երկու ղարաբաղյան ձի, իսկ այսօր արդեն ունեմ 10-ը: Անցած տարիների ընթացքում զբոսաշրջիկ հաճախորդներ եմ ունեցել Ֆրանսիայից, Անգլիայից, Ռուսաստանից, այլ երկրներից: Նախորդ տարի ունեցել եմ 45 հաճախորդներ, որոնց թիվն այս տարի կարող է լինել մի քանի անգամ ավելին, քանի որ այս պահի դրությամբ արդեն նախորդ տարվա համեմատ կրկնակի պատվերներ ունեմ: Ի դեպ, այս տարի արդեն հասցրել եմ ընդունել 2 զբոսաշրջիկների՝ Ճապոնիայից ու Ռուսաստանից: Եթե նախորդ տարիներին ինձ մոտ զբոսաշրջային սեզոնն ընթանում էր ապրիլ-նոյեմբեր ամիսներին, ապա այժմ այն սկսվում է փետրվարից: Ձիարշավային կամ հեծյալ տուրիզմը բավականին հեռանկարային ճյուղ է մեր քաղաքում, որը գտնվում է գեղատեսիլ լեռնային վայրեր տանող ճանապարհների խաչմերուկում՝ կապվելով Ագրիջայի սարահարթի, Վայոց Ձորի, Գառնի-Գեղարդի, Վարդենիսի լեռնաշղթայում գտնվող Մեծ եւ Փոքր Ալ լճերի հետ: Մեր հաճախորդները ձիերով հասնում են մինչեւ Սելիմի քարավանատուն, Մարտունուց դեպի հարավ-արեւելք ընկած Մթնաձորի ու Կոփոյ վարի յայլաղատեղեր, Ջերմուկ, արեւմուտքում՝ մինչեւ Աժդահակ լեռան փեշեր, Գեղարդ: Արդյունքը շոշափելի է եւ հուսադրող, ուստի նպատակադրվել եմ զարգացնել եւ առաջ տանել զբոսաշրջային բիզնեսի այս բավականաչափ հետաքրքիր ճյուղը»,-նշեց Տիգրան Բաղիշջանյանը:

Զբոսաշրջային բիզնեսը Տիգրան Բաղիշջանյանը վարում է ընտանիքի անդամների հետ: «Իմ անփոխարինելի գործընկերներն առայժմ ընտանիքիս անդամներն են՝ կինս, տղաս եւ աղջիկս. վերջինս տիրապետում է 4 լեզվի ու անթերի է կատարում թարգմանչի պարտականությունները: Ի դեպ, ձիարշավային տուրիզմով հետաքրքրվող զբոսաշրջիկները միայն մեր ընտանեկան բիզնեսը չէ, որ առաջ են տանում: Նրանք իրենց այցերի ընթացքում օգտվում են հյուրատներից կամ հյուրանոցներից, սննդի կետերից, խանութներից: Անչափ մեծ է նրանց հետաքրքրությունը տեղական հուշանվերների նկատմամբ, ուստի որոշել ենք զարկ տալ տեղական հուշանվերների արտադրությանը: Սա նաեւ բազմաֆունկցիոնալ ծրագիր է, որը կարող է զարկ տալ տնտեսության մի շարք ճյուղերի զարգացմանը: Մենք հավակնում ենք դառնալ միջազգային ճանաչում ունեցող մեծ ձեռնարկություն»,-ներկայացրեց ձեռնարկատերը:

Ձիարշավային զբոսաշրջությունը Տիգրանը նպատակադրվում է զուգակցել ձիաբուծության հետ՝ ձգտելով վերականգնել հայկական ձիերի ազնվացեղ տեսակը: «Նաեւ արժեքավոր քայլ եմ կատարել հայկական ազնվացեղ ձիեր ստանալու ճանապարհին, քանի որ դրա համար արդեն ձեռք եմ բերել արաբական 1 մաքրացեղ մտրուկ: Դրա համար ինձ համապատասխան տարածք է հարկավոր, ու որոշակի դրամական միջոցներ, որի համար էլ բիզնես ծրագիր եմ ներկայացրել՝ պետական կամ դրամաշնորհային աջակցություն ստանալու նպատակով: Նպատակ ունեմ բուծել մինչեւ 30 ազնվացեղ հայկական ձի: Այդ դեպքում արդեն խոսք գնալու է ոչ միայն հեծյալ տուրիզմի զարգացման ծավալների, այլ նաեւ՝ բուծվող ազնվացեղ ձիերը վաճառքի հանելու մասին: Կստեղծվի մոտ 10 աշխատատեղ: Ես հավատով եմ նայում մեր ձեռնարկության վաղվա օրվան» ,-ամփոփեց Տիգրան Բաղիշջանյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Français Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ, նախատեսվում է գնել ևս 45 նոր տրոլեյբուս. Ավինյան

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը