Սպորտ

ՀԱՕԿ-ը կասեցրել է բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը

3 րոպեի ընթերցում

ՀԱՕԿ-ը կասեցրել է բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին կասեցվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Անդրադառնալով ֆեդերացիայի և ՀԱՕԿ-ի միջև առաջացած խնդրին՝ նա, մասնավորապես, գրել է.

«2018թ. օգոստոսի 2-ին կայացած ընտրություններում ոչ լեգիտիմ ճանապարհով ընտրված Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան փորձ է կատարել կազմակերպել Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնություն:

ԱԻԲԱ-ի (Բռնցքամարտի միջազգային միություն) քննության արդյունքում պարզվել էր, որ տվյալ ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցկացվել էին խախտումներով: Ինչից հետո վերջինս պահանջել էր հարգել ԱԻԲԱ-ի կանոնադրությունը և անցկացնել նոր ընտրություններ՝ այլապես Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կհեռացվի ԱԻԲԱ-ից: Փաստացի այսօր ֆեդերացիան շարունակում է իրականացնել իր իրավասություններից դուրս գտնվող գործողություններ: Ֆեդերացիայի ո՛չ նախագահը, և ո՛չ էլ անձնակազմը լեգիտիմ չեն, ուստի նրանց կողմից կատարվող գործողությունները օրինականության դաշտից դուրս են:

Տեղեկացնեմ, որ ԱԻԲԱ-ի փետրվարի 8-9-ը կայացած Գործկոմի նիստում որոշվել է այս հարցով նշանակել հանձնակատար, ով իրավիճակի խորքային ուսումնասիրություններից հետո միայն հանձն կառնի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր ընտրությունների անցկացման գործընթացը:

Սակայն, քանի որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան միտված է նախաձեռնելու օրինազանց միջոցառումներ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, հայրենական սպորտի իմիջը միջազգային հարթակներում բարձր պահելու նպատակով, այս պահից սառեցնում է սույն ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին»:

Ռոստոմյանը հիշեցրել է նաև, որ փետրվարի 22-23-ը Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահի և Գործկոմի ընտրություններն էին: «Խորհուրդ կտայի պարզաբանում ստանալ բռնցքամարտի միջազգային կառույցներում «բացարձակ» հեղինակություն վայելող Արթուր Գևորգյանից, թե ինչու է վերջինս Գործկոմի կազմում առաջադրվելու և չընտրվելու փաստը խնամքով թաքցնում», - հավելել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում