Հասարակական

Գեղարքունիքի միջնակարգ դպրոցը հրատարակել է «1+1» աշակերտական թերթի առաջին համարը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի միջնակարգ դպրոցը հրատարակել է «1+1» աշակերտական թերթի առաջին համարը

ԳԱՎԱՌ 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցը հրատարակել է «1+1» անվանումը կրող աշակերտական թերթի առաջին համարը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Բադալյանը, թերթը հիմնվել է արտերկրում բնակվող գեղարքունիքցի բարերարի նախաձեռնությամբ եւ դպրոցի ուսուցչի ու աշակերտների ուժերով: «Թերթի հիմնումից բացի, նույն ծրագիրը նախատեսում է լրագրության պրակտիկ ուսուցում, ինչին օժանդակելու է «Գեղամա աշխարհ» մարզային թերթը: Այդ նպատակով այժմ մեր դպրոցում հիմնանորոգվում ու կահավորվում է երկու դասասենյակ: Թերթը լույս է տեսնում ամիսը՝ մեկ, ծավալը՝ 1 տպագիր մամուլ: Թերթում զետեղվում են մեր աշակերտների գեղարվեստական ստեղծագործությունները, հոդվածները, լուրերը: Թերթը լույս է տեսնելու 300 օրինակով եւ անվճար բաժանվելու է մեր դպրոցում: Նրա էջերում լուսաբանվելու է մեր դպրոցի, համայնքի մարդկանց կյանքը: Ուրախալի է , որ լրագրության մեջ մեր աշակերտները մասնագիտանալու են հենց դպրոցից»,- նշեց Գոհար Բադալյանը:

Թերթի պատասխանատու խմբագիր, Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ եւ լրագրական խմբի ղեկավար Ռոզա Հակոբյանը հաստատեց դպրոցականների ակտիվ մասնակցությունը թերթի կազմավորման ու զարգացման աշխատանքներին: «Աշակերտները մեծ հակում ու սեր են ցուցաբերում լրագրության հանդեպ, նրանց մի մասն ունի ստեղծագործական ձիրք, որոնց հետ աշխատանք տանելու դեպքում կստանանք լավ արդյունքներ: Ինչ վերաբերում է թեմատիկային, ապա այն լինելու է բազմազան, ինչի հանդեպ որ հետաքրքրություն կցուցաբերեն մեր աշակերտները: Մեր թերթը նաեւ մի կարեւոր առաքելություն ունի՝ նպաստել երեխաների քաղաքացիական գիտակցության բարձրացմանը:«1+1» անվանումը նշանակում է, որ մեր ամեն մի աշակերտ պետք է ձգտի իր եղած գիտելիքների պաշարին ամեն օր ավելացնել նորը»,-ներկայացրեց Ռոզա Հակոբյանը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում