Հասարակական

Դդմաշենում հիմնվող խնձորի ինտենսիվ այգին կապահովի հարյուրավոր աշխատատեղեր

5 րոպեի ընթերցում

Դդմաշենում հիմնվող խնձորի ինտենսիվ այգին կապահովի հարյուրավոր աշխատատեղեր

ԳԱՎԱՌ 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի վարչական տարածքում հիմնվում է խնձորի ինտենսիվ եւ մեծ այգի, որը մեծապես կնպաստի համայնքի զարգացմանը՝ ապահովելով հարյուրավոր աշխատատեղեր: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ծրագրի ընթացքին ծանոթանալու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Դդմաշեն համայնքի վարչական տարածք: Ինչպես տեղում ներկայացրեց ինտենսիվ այգու հիմնման ծրագիրն իրականացնող «Գրին Ֆարմեր» ՍՊԸ տնօրեն Ռոբերտ Կոծինյանը՝ ծրագրի մեկնարկը տրվել է 2018 թվականի ապրիլին: 30 հեկտարի վրա անցկացվել է կաթիլային ոռոգման համակարգ, տեղադրվել հակակարկտային ցանցեր: Ծառատունկը կիրականացվի այս տարվա ապրիլին:

Ծառատնկման աշխատանքների ավարտից հետո ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված ներդրումը կկազմի շուրջ 2 միլիարդ դրամ: «Նախատեսված է տնկել ու խնամել 3 տեսակի խնձորի 110 հազար ծառ: Ինտենսիվ այգուն կից հիմնվում է սառնարանային տնտեսություն, որը հնարավորություն կտա 12-14 ամիս ժամկետով պահպանել մոտ 4 հազար տոննա խնձորի բերք: Սառնարանային տնտեսության ստեղծման նախագծի իրականացման համար կներդրվի 2,2 միլիարդ դրամ: Ինտենսիվ այգու հիմնումն իրականացրել է «Էկոշին Գրուպ» ՍՊԸ-ն՝ ապահովելով մոտ 50-60 աշխատատեղ: Ինտենսիվ այգու գործարկման դեպքում այստեղ կունենանք 100 մշտական եւ 250 ժամանակավոր աշխատատեղեր: Բնական է, որ աշխատանքներում հիմնականում կընդգրկվեն տեղի բնակիչները: Պտղի ստացումն ակնկալում ենք առաջիկա 3-4 տարվա ընթացքում: Կառուցել ենք նաեւ գրասենյակային շենք, անգար՝ գյուղմեքենաների կայանման համար, իսկ ոռոգման ջրի ապահովման համար իրականացնում ենք խորքային հորի կառուցման աշխատանքներ: Ինտենսիվ այգու յուրաքանչյուր 1 հեկտարից ակնկալում ենք մինչեւ 40-50 տոննա բերք: Ապագայում ծրագրում ենք նույն տարածքում հիմնել եւս 30-40 հեկտար ինտենսիվ այգի, ինչը, ամենայն հավանականությամբ, կիրականացնենք 2020-2021 թվականներին: Փորձնական կարգով մի հատվածում օգտագործել ենք նաեւ Վանաձորում արտադրված հակակարտային ցանցերը: Եթե արդյունքները գոhացնեն, ապա հերթական այգիների հիմնման համար կօգտագործենք այդ հակակարկտային ցանցերը»,-նշեց Ռոբերտ Կոծինյանը: Դդմաշեն համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանը ինտենսիվ այգու ստեղծման ծրագիրը հույժ կարեւոր ու արդյունավետ համարեց Դդմաշենի բնակչության կենսապահովման, համայնքի զարգացման, գործազրկության վերացման եւ մի շարք այլ տեսանկյուններից:

«Առաջին հերթին ինտենսիվ այգին մեծ քանակությամբ աշխատատեղեր է ապահովում մեր համայնքի բնակիչների համար, ովքեր զբաղված կլինեն ինչպես շինարարության,այնպես էլ այգեգործական աշխատանքներում: Մենք կունենանք մշտական կամ ժամանակավոր մի քանի հարյուր աշխատատեղ: Երկրորդ՝ լուծում է ստանում հողերի մշակության կամ օգտագործման խնդիրը, երրորդ՝ այդ հողերի մշակության ու օգտագործման արդյունքում ավելանում են համայնքի բյուջեի մուտքերը, չորրորդ՝ կրճատվում է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: Ծրագրից ակնկալվող օգուտները կարելի է երկար թվարկել»,- ընդգծեց Ավետիս Ավետիսյանը:

Մարզպետ Գնել Սանոսյանը, հավանություն տալով ծրագրի մեկնարկին ու ընթացքին, կատարված հսկայածավալ աշխատանքներին, հավաստիացրեց, որ կառավարության կողմից խրախուսվելու է ծրագրի հետագա ընթացքը, իսկ Գեղարքունիքի մարզպետարանը ցուցաբերելու է պահանջվող աջակցությունը ի հայտ եկած հարցերում: «Նման ծավալի ներդրումները, ինչ խոսք, ոչ միայն զարգացման կայուն երաշխիքներ են ստեղծում մարզի գյուղատնտեսության զարգացման համար, այլ նաեւ մեզ մատուցում են արդիականացված ու մրցակցային գյուղատնտեսություն, որն իր հերթին ապահովելու է կայուն աշխատատեղեր, զարգացող արտադրություն, աղքատության հաղթահարում: Այս ծրագրի հաջող ընթացքն ու հետագա շարունակությունը խթան կհանդիսանան, որ մարզի մյուս համայնքներում եվս կատարվեն համապատասխան ներդրումներ ինչպես պտղաբուծության, այնպես էլ գյուղատնտեսության ու արդյունաբերության մի շարք ճյուղերում: Բոլոր ներդրումները մեր կողմից կլինեն օրենքով պաշտպանված եւ խրախուսվող»,-նշեց մարզպետը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում