ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ազատի Սարգսյանըպետությանն անհատույց 18,5 միլիոն դոլարին համարժեք դրամ փոխանցելուց զատ նաև 11,5 միլիոն դոլար վճարել է հարկային պարտավորությունների, չարաշահումների և այլ ակտերով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: «Այսինքն, հարկային ակտ է գրվել և գումար է գանձվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վանեցյանը: ԱԱԾ տնօրենը նշեց, որ քրեական գործը դեռ շարունակում է քննվել և ընթացքում նոր տեղեկություններ կլինեն Ալեքսանդր Սարգսյանի ունեցվածքի մասին:
Հարցին, թե ո՞ւմ հորդորով է վերադարձվել գումարը և ի՞նչ պայմանով, Վանեցյանն ասաց. «Թող այդ հարցին պատասխանի գումար վերադարձնողը: Ես պարոն Ալեքսանդր Սարգսյանի հետ չեմ հանդիպել, չեմ խոսել, որևէ բան չեմ պայմանավորվել»:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Ալեքսանդր Սարգսյանն իր բանկային հաշիվներից մեկին ունի 30 միլիոն դոլար և խոստացել է այն վերադարձնել պետությանը»:
Մի քանի օր առաջ «Արմենպրես»-ը վարչապետի աշխատակազմից տեղեկացել էր, որ Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում նա կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք դրամ:
Քրեական գործը քննվում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում: