ՃՇՀԱՀ-ի և ԱՄՆ Քորնելի համալսարանի ուսանողները կիրականացնեն համատեղ ծրագիր
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային բարձր դասակարգում ունեցող ԱՄՆ Քորնելի համալսարանի նախաձեռնությամբ առաջին անգամ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) 2019-ի փետրվարի 18-ին մեկնարկել է ուսանողական համատեղ նախագծային աշխատանքային շաբաթ «Հետխորհրդային տարածքներում արդյունաբերական լքված գոտիների քաղաքաշինական վերակառուցման խնդիրները» խորագրով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը:
«Ծրագրի նպատակն է Քորնելի համալսարանի ճարտարապետական դեպարտամենտի և ՃՇՀԱՀ-ի ուսանողներին տալ համատեղ աշխատելու հնարավորություն Հայաստանում դեռևս խորհրդային ժամանակաշրջանից մնացած, լքված ու ավերված արդյունաբերական շենքերի և գոտիների վերականգման և վերագործարկման շուրջ։ Սա ունի նաև մեծ մշակույթային և ճանաչողական նշանակություն»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ասել է Քորնելի համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մելդորֆը։
«Հետխորհրդային երկրներում արդյունաբերական լքված տարածքների քաղաքաշինական վերակառուցման խնդիրները» խորհագրով միջազգային նախագծային աշխատանքային շաբաթին նկատմամբ հետաքրքրությունը մեծ է և, դեռ այն չմեկնարկած, ընդլայնվել է մասնակիցների աշխարհագրությունը։ Ծրագրին մասնակցության առաջարկ է արել ՌԴ-ի Տյումենի ինդուստրիալ համալսարանի ճարտարապետական ֆակուլտետը։
«Նախագծային աշխատանքները կարծում եմ շատ հետաքրքիր կլինեն և այս ծրագիրը կնպաստի ուսանողների երևակայության զարգացմանը: Մեր հերթին մենք բոլոր պայմանները կստեղծենք աշխատելու և ջերմ մթնոլորտ ձևավորելու համար»,- ողջունելով ներկաներին՝ ասել է ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը:
Միջազգային նախագծային աշխատանքային շաբաթին Քորնելի համալսարանից կմասնակցի 12, ՃՇՀԱՀ-ից 13, իսկ Տյումենի ինդուստրիալ համալսարանի ճարտարապետական ֆակուլտետից՝ 3 ուսանող։ Ուսանողների նախագծային աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու նպատակով նշված ժամանակահատվածի և տարածքի պատմական և մշակույթային արժեքները ուսանողներին կբացահայտի ԵՊՀ-ի պատմության և մշակույթաբանության ֆակուլտետի ուսանողների խումբը՝ դոցենտ Յուլիա Անտոնյանի ղեկավարությամբ։ Կկազմակերպվեն նաև այցելություններ նշանավոր շինություններ Երևանում և Երևանից դուրս։
Ծրագրի ավարտին մասնակիցները կներկայացնեն նախագծերը և նրանց կտրվեն մասնակցության հավաստագրեր։