Սփյուռք

Կալիֆորնիայում ձգտում են վերաբացել Հայաստանի հետ առևտրային գրասենյակը

2 րոպեի ընթերցում

 Կալիֆորնիայում ձգտում են վերաբացել Հայաստանի հետ առևտրային գրասենյակը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատում ներկայացվել է նահանգի և Հայաստանի միջև առևտրային գրասենյակի վերաբացման բանաձևը: Գրասենյակը փակվել էր նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերի կրճատումների քաղաքականության հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Asbarez պարբերականը:

Կալիֆորնիա նահանգի սենատի անդամ Էնթոնի Փորթանթինոն ներկայացրել է թիվ 302 բանաձևը, որով առաջարկում է վերաբացել Կալիֆորնիա-Հայաստան առևտրային գրասենյակը:

Կալիֆորնիա նահանգի սենատի թիվ 302 բանաձևի համահեղինակն է սենատի անդամ Սքոթ Ուիլքը, իսկ աջակիցներն են սենատի անդամներ Մելիսա Հորթատոն և նահանգային խորհրդի անդամներ Աթամ Բըրքը և Էվան Լոն:

Բանաձևի նպատակն է խթանել Հայաստանի և Կալիֆորնիայի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունները:

Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանը ողջունել է բանաձևի ներկայացումը՝ հավելելով, որ նահանգապետ Քևին Նիսմը ևս երաշխավորել է, որ գրասենյակը պետք է վերաբացվի: Նա հույժ կարևոր է համարել աշխարհի մեծությամբ 5-րդ տնտեսությունը ունեցող Կալիֆորնիայի առևտրային հարաբերությունների սերտացմանը նպաստող այս քայլը:

Բանաձևի ներկայացմանը ներկա են եղել նաև Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը և Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը:

Գլխավոր հյուպատոսը ևս երախտագիտություն է հայտնել Փորթանթինոյին` վստահեցնելով, որ Կալիֆորնիայի հայ համայնքը և Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ջերմորեն կողջունեն գրասենյակի վերաբացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում