Քաղաքականություն

Կառավարության ծրագրով ՀՀ-ն շարունակելու է լինել հուսալի ու կանխատեսելի գործընկեր երկկողմ ու բազմակող հարաբերություններում

3 րոպեի ընթերցում

Կառավարության ծրագրով ՀՀ-ն շարունակելու է լինել հուսալի ու կանխատեսելի գործընկեր երկկողմ ու բազմակող հարաբերություններում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության ներկայացրած ծրագրի համաձայն Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել հուսալի ու կանխատեսելի գործընկեր երկկողմ և բազմակող հարաբերություններում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանի խոսքով՝ հենց սա է վերահաստատում հեղափոխության օրերին տրված խոստումը, որ արտաքին քաղաքականության ոլորտում կտրուկ շրջադարձեր չեն լինելու:

«Արտաքին քաղաքականության կոմպոնենտում հստակ կան նշաձողեր, խնդիրներ և գործիքակազմ: Ի սկզբանե ասվել էր, որ արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու, քանի որ հեղափոխության գլխավոր նպատակը պայմանավորված էր ներհայաստանյան իրադարձություններով: Հայաստանը շարունակելու է և լինելու է շատ ավելի հուսալի և կանխատեսելի գործընկեր երկկողմ և բազմակող հարաբերություններում: Շարունակելու է բարձրացնել իր երկրի միջազգային հեղինակությունը, որն էականորեն աճել է հեղափոխությունից հետո»,- ասաց Հայրապետյանը:

Պատգամավորը նշեց, որ կառավարությունն իր ծրագրում ունի շատ հավակնոտ կետ կապված ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի հետ:

«Կառավարության հենց այս ծրագիրը ունի շատ հավակնոտ կետ, որն է Արցախի վերադարձը բանակցային սեղան: Այդ կետը բավական դժվար իրագործելի է, բայց իրատեսական է համառ ու հետևողական աշխատանքի դեպքում»,- նշեց Տաթև Հայրապետյանը:

Փետրվարի 8-ին տեղի ունեցած Կառավարության նիստում գործադիրը հաստատեց իր ծրագիրը:

Կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության փետրվարի 6-ի նիստում, սակայն այն չէր հաստատվել, քանի որ ստացվել էին նոր առաջարկություններ:

Փետրվարի 12-ին 7-րդ գումարման Ազգայի ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության հաստատված ծրագիրը: Գործադիրի ղեկավարին հարց տալու համար հերթագրվել էր 53 պատգամավոր:

Փետրվարի 13-ին տեղի ունեցած նիստում ավարտվեցին վարչապետին ուղղված պատգամավորների հարցերը, և մեկնարկեց ելույթների շրջանը: Ելույթ ունենալու համար հերթագրվել է 43 պատգամավոր:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում