Մշակույթ

Զոհրաբ Մնացականյանը ներկա է գտնվել Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին նվիրված համերգին

2 րոպեի ընթերցում

Զոհրաբ Մնացականյանը ներկա է գտնվել Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին նվիրված համերգին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տալլինի Նիգուլիստե եկեղեցում փետրվարի 7-ին տեղի է ունեցել «Գյուրջիև» համույթի համերգը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը, որը նախաձեռնվել էր Էստոնիայում ՀՀ դեսպանության կողմից, ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Էստոնիայի մշակույթի նախարարության գլխավոր քարտուղար Տարվի Սիթսը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշել է. «Հայերի ու էստոնացիների միջև շփումները գալիս են դարերի խորքից, երկու ժողովուրդները վայելում են փոխադարձ հարգանք, կիսում տարբեր խնդիրները միասնաբար հաղթահարելու պատմություն: Սակայն մեր ժողովուրդներին միավորում է առավել զորեղ ուժ, և այդ ուժը մշակույթն է»:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել մաեստրո Լևոն Իսկենյանին և «Գյուրջիև» համույթին երեկոյի ընթացքում հանդիսատեսին հայ անվանի կոմպոզիտոր Կոմիտասի ստեղծագործություններին ծանոթացնելու հնարավորության համար՝ այդ կատարումներով ներկայացնելով նաև մեր քաղաքակրթությունը, մեր մշակույթը և մեր ինքնության նկատմամբ առկա վստահությունը:

«Կոմիտասը միանձնյա դրեց հայ դասական երաժշտության հիմքերը: Մի մարդ, ով այդքան շատ էր սիրում կյանքը: Քահանա, ով իր ողջ կյանքը նվիրեց հայ երաժշտական արվեստի ավանդույթները հավաքագրելուն՝ հետագայում դրանք վերածելով գլուխգործոցների: Իր երաժշտությունն ամուր ինքնության դրսևորում է, որով մենք այդքան հպարտ ենք: Ուրախ եմ, որ մեզ այսօր հնարավորություն ընձեռվեց մասնակից լինելու, թե երաժշտությունն ու մշակույթը ինչպես են առավել մերձեցնեում մեր ժողովուրդներին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում