Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանը գործարարների հետ քննարկել է հարկային օրենսդրությանը վերաբերող առաջարկներ

2 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանը գործարարների հետ քննարկել է հարկային օրենսդրությանը վերաբերող առաջարկներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է գործարար համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության միջև պայմանավորվածության՝ Միության կողմից ձևավորված փորձագիտական խումբը պետք է մշակի և վարչապետի մոտ քննարկման ներկայացնի հարկային օրենսդրության փոփոխության հայեցակարգային փաստաթուղթ։

Ներկայացվող առաջարկությունների շնորհիվ Հարկային օրենսգիրքը բիզնեսի համար առավել նպաստավոր և շահեկան պետք է դառնա՝ ընդունելի լինելով թե՛ պետության և թե՛ գործարար համայնքի համար։

Առաջարկությունների փաթեթի մշակման աշխատանքներում ներգրավվել են ոչ միայն Արդյունաբերողների և գործարարների միության անդամները, այլև մասնագիտական խորհրդատվական կառույցների ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում փորձագիտական խումբը ներկայացրել է Հարկային օրենսգրքի փոփոխության հայեցկարգային փաստաթղթի նախագիծը։

Նախարար Տիգրան Խաչատրյանի հետ քննարկվել են փաստաթղթում ներկայացված մի շարք հարցեր, որոնք առնչվում են վարչարարական համակարգի կատարելագործմանը, հարկային դրույքաչափերին, արտոնությունների համակարգին, տրամադրվող ծառայություններին և այլն։

Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում