Հայաստանում գործում է գերմանական կապիտալով տասից ավելի ընկերություն. Գերմանիան ԵՄ ցանկում Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում փետրվարի 1-ին կկայանա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:Դաշնային կանցլերնիրնստավայրում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հաջորդիվ նախատեսված է զրույց՝ ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերի շուրջ:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Հայաստան-Գերմանիա քաղաքական, տնտեսական կապերի վերաբերյալ տեղեկատվություն և թարմ վիճակագրություն:

Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարին: դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանը երկու տասնյակից ավելի պաշտոնական այց է կատարել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ նախագահի, վարչապետի և ԱԳ նախարարի մակարդակով: 1995թ.-ից պաշտոնական այցով Գերմանիայից Հայաստան այց եղել է Բունդեսթագի նախագահի, փոխվարչապետի և ԱԳ դաշնային նախարարի մակարդակով:

Անգելա Մերկելի այցը Հայաստան

2018 թվականի օգոստոսի 24-25-ն էլ պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: Այս այցն իր տեսակով աննախադեպ համարվեց:

Ի պատիվ Անգելա Մերկելի տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չափազանց կարևոր և արդյունավետ բանակցություններ են ունեցել տիկին կանցլերի հետ: Նա համոզմունք հայտնեց, որ հետևողականորեն և սկզբունքորեն բոլոր պայմանավորվածությունները կետ առ կետ իրականություն կդարձնեն, ինչը կնշանակի նոր էջ երկու երկրների հարաբերությունների համար:

Անգելա Մերկելն էլ իր հերթին նշել է, որ Գերմանիայի Դաշնային կառավարության ներկայացուցիչներ, պատգամավորները, պատվիրակության տնտեսական ոլորտի ներկայացուցիչները և առհասարակ գերմանական կողմը ցանկանում է Հայաստանին ուղեկից լինել խիզախ փոփոխությունների ճանապարհին և ցանկանում է աջակից գործընկեր լինել հայաստանյան հետագա զարգացումների ուղղությամբ:

«Մենք երկուստեք կարևորեցինք գործը, և այսօր մեր առանձին հանդիպման ընթացքում մեզ հաջողվեց ուղենշել և որոշակիացնել այն բոլոր ոլորտները, կետերը, որտեղ մենք կարող ենք ավելի խորացված համագործակցել միմյանց հետ: Մենք կարող ենք հաջողությամբ շարունակել խորացնել համագործակցությունը կրթության, գիտահետազոտական, տնտեսական և բազմաթիվ այլ ոլորտներում: Գերմանիան կարող է Հայաստանին աջակցություն ցուցաբերել նաև Եվրամիության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն արդյունավետ կիրարկելու ճանապարհին »,-նշել է Անգելա Մերկելը:

Գերմանիայի կանցլերը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումների իրականացման ճանապարհին 2018թ. դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո: «Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը մեծ հետաքրքրությամբ հետևել է այս տարի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությանը։ Մենք ցանկանում ենք այսուհետ ևս մեր աջակցությունը հայտնել Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումների իրականացմանը և վերահաստատել Երևան կատարած իմ այցի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունը՝ մեր հարաբերությունների խորացման վերաբերյալ»,–նշել էր Մերկելը: Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ ուրախ կլիներ մոտ ապագայում կրկին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։

Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, կնքվել է տնտեսական, կրթական, մշակութային և առևտրային ոլորտի չորս տասնյակից ավելի համաձայնագիր, կնքվել է տարբեր ոլորտներում համագործակցության հուշագրեր:

Հայաստանը ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին

2017 թվականի նոյեմբերին ստորագրված և 2018 թվականի ապրիլին վավերացված Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին:

2019թ. հունվարի 15-17-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն էր մեկնել ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի գլխավորությամբ: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԳԴՀ երկրամասերի ՆԳ նախարարների համաժողովի նախագահ, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի ներքին գործերի և սպորտի հարցերով նախարար Հոլգեր Շտալկնեխտի, ԳԴՀ ներքին գործերի պետքարտուղար Հելմութ Թայխմանի, ԳԴՀ ԱԳ նախարարության քաղաքական տնօրենի տեղակալ, Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հանձնակատար Միխայել Զիբերթի և Բունդեսթագի ՆԳ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրեա Լինդհոլցի հետ: Հանդիպումների ընթացքում գերմանական կողմն իր գոհունակությունն է հայտնել հետընդունման (ռեադմիսիայի) մասին միջազգային իրավական փաստաթղթերի հիման վրա արդյունավետ համագործակցության համար՝ շեշտելով փոխադարձ վստահության բարձր մակարդակն ու Հայաստանի իրավաչափ ակնկալիքներին ընդառաջ գնալու պատրաստակամությունը:

Հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ գործողությունների ապագա ծրագրի հիմնադրույթների, փոխադարձ պարտավորությունների շրջանակի ու դրանց կատարման ժամկետների հստակեցման անհրաժեշտությունը, քննարկել հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Տնտեսական ցուցանիշներ

Գերմանիան Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի հիմնական գործընկեր երկրների ցանկում ինչպես 2017 թվականին, այնպես էլ 2018 թվականի հունվար-նոյեմբերին զբաղեցրել է 4-րդ տեղը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, ԵՄ երկրների շարքում Գերմանիան և´2017-թվականին, և´ 2018-ին առաջին տեղում է:

Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Գերմանիայի հետ 2018 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 402.1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38 տոկոսով (2017 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 291.29 մլն ԱՄՆ դոլար): Երկու երկրների արտաքին առևտրի կառուցվածքում ավելի շատ ապրանք ներկրվում է Գերմանիայից, քան Հայաստանից արտահանվում:

Հայաստանից Գերմանիա հիմնականում արտահանվում է պղինձ, ալյումինե նրբաթիթեղ, տեքստիլ արտադրանք, ալկոհոլային խմիչքներ: Գերմանիայից Հայաստան ներմուծված առավելագույն մաքսային արժեք ունեցող ապրանքներն են՝ավտոմեքենա, դեղամիջոցներ, բեռնափոխադրման համար շարժիչային փոխադրամիջոց, տրակտորներ, սննդամթերքի կամ ըմպելիքի արդյունաբերական պատրաստման համար նախատեսված սարքավորում, տպագրական սարքավորում և այլն:

Հայաստանում գործում են գերմանական կապիտալով տասից ավելի խոշոր ընկերություններ: Դրանք գործում են հանքարդյունաբերության, մարտկոցի,կարի արտադրության, ավտոմեքենաների, շինարարական ապրանքի ներմուծման և դրանց վաճառքի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ակտիվների կառավարման և այլ ոլորտներում:

«Բիզնես Արմենիա» հիմնադրամից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ ընթացիկ տարում նախատեսվում են երկու երկրների գործարար այցեր:

Հայոց ցեղասպանության ճանաչում

2005թ. հունիսի 15-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշում է ընդունել: 2015թ.-ի ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ է հանդես եկել ԳԴՀ նախագահ Յոահիմ Գաուկը, իսկ 2016թ. հունիսի 2-ին ԳԴՀ Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստան կատարած այցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ այդ ժամանակ Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանի ուղեկցությամբ եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հիշատակին եւ հարգանքի տուրք մատուցեց: Մերկելը նաեւ եղևնի տնկեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Հիշողության պուրակում։

Աննա Գզիրյան

Հայերեն English Русский

Հայտարարագրումից հետո փոխհատուցվելիք սոցիալական կրեդիտների ցանկում կավելանան արվեստի դպրոցները, մարզական խմբակները

Կանադայի վարչապետը նախազգուշացրել է Թրամփին մաքսատուրքերի բարձրացման հետևանքների մասին

Սոցիալական կրեդիտի համակարգի շնորհիվ տասնյակ հազարավոր երեխաներ գնալու են սպորտի. վարչապետը՝ տարվա լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

ՆԱՏՕ-ն մտադիր է ԱՄՆ նախագահին առաջարկել ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունը Արկտիկայում

Հայաստանում Լիտվայի դեսպանը այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության շտաբ

Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին, կհանդիպի Բելգիայի և Նիդերլանդների հայկական կառույցների հետ

Սիրիայի նոր իշխանությունները ձերբակալել են Բաշար Ասադի զարմիկին

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը պատրաստվում է հանդիպել Վենեսուելայի նախագահի հետ

Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի իրավիճակը

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին