Մշակույթ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ետնաբակում տեղադրվեց «Կոմիտաս» քանդակը

2 րոպեի ընթերցում

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ետնաբակում տեղադրվեց «Կոմիտաս» քանդակը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի 150-ամյակի և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հիմնադրման չորրորդ տարեդարձի կապակցությամբ թանգարանի ետնաբակում տեղադրվեց քանդակագործ ՀՀ ժողովրդական նկարիչ Դավիթ Երևանցու «Կոմիտաս» քանդակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քանդակի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունվարի 29-ին:

«Քանդակը ձուլվել է Պրահայի միջազգային ձուլարանում: Լինելով պահանջկոտ անձնավորություն` շատ գոհ եմ: Մայր քաղաքում այս քանդակն ունենալն ինձ համար առանձնահատուկ մի բան է: Ինձ համար պարծանք է, երբ դրական իրադարձություն է տեղի ունենում լուսաբաց Երևանում: Այս քանդակն էլ է լուսաբաց: Քանդակված Կոմիտասը կիսամերկ վիճակում գնում է դեպի մահ` հենվելով իր ազգային ակունքներին` մեր այբուբենին, խաչին, հավերժության կենաց ծառին, որը գովերգում է մեր վաղվա լուսաբացը: Քանդակի մյուս կողմում երեխա կա: Կոմիտասը մահանալիս հորդորել է, որ երեխաներին ուշադրություն դարձնեն, քանի որ նրանք մեր վաղվա լուսաբացն են, մեր հույսն են»,-նշեց Դավիթ Երևանցին:

«Շատ մինիմալիստական, զուսպ քանդակ է»,-ընդգծեց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը: Նրա խոսքով` քանդակը հուզական է ու գեղեցիկ:

Թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը շեշտեց, որ քանդակը հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության խորհրդանիշ կլինի:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում