11 րոպեի ընթերցում
2016 թվականի նոյեմբերին Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Իրան-ԱՄՆ հարաբերություններում նոր փուլ սկսվեց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս 2015թ. Իրանի և «վեցնյակի» (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան) միջև կնքված միջուկային գործարքից (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) և սկսում է Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման գործընթացը: Ամերիկյան պատժամիջոցների առաջին մասն ուժի մեջ մտավ օգոստոսի 6-ին, իսկ երկրորդ մասը՝ 2018թ. նոյեմբերի 4-ին: Ընդ որում, ամերիկյան պատժամիջոցների թիրախում գլխավորապես Իրանի նավթագազային և ֆինանսական ոլորտներն են: Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնը հայտարարում է Իրանի նավթային եկամուտները զրոյին հասցնելու իր մտադրության մասին: Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփը զգուշացրել է երկրորդական պատժամիջոցների վտանգի մասին. «Իրանի հետ բիզնես անողները չեն կարող բիզնես անել ԱՄՆ-ի հետ»:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հրապարակել է 12 հիմնական պահանջներ, որոնց բավարարման դեպքում միայն հնարավոր կլինի Իրանի հետ կնքել նոր միջուկային համաձայնագիր: Մասնավորապես, ԱՄՆ-ը Իրանից պահանջում է ամբողջական հաշվետվություն ներկայացնել ՄԱԳԱՏԷ-ին իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչի վերաբերյալ՝ մեկընդմիշտ հրաժարվելով այդ ուղղությամբ աշխատանքներից, սառեցնել միջուկային զենքի հրթիռային համակարգերի հետագա գործարկումը կամ զարգացումը, ազատ արձակել ԱՄՆ բոլոր քաղաքացիներին, դադարեցնել աջակցությունը Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում՝ Հիզբոլլահին և Համասին, դուրս բերել իրանական ուժերը Սիրիայի ողջ տարածքից և այլն:
Ի պատասխան ԱՄՆ գործողությունների՝ 2018թ. հուլիսին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ եթե Իրանից նավթի արտահանումը խոչընդոտվի, ապա Թեհրանը կարող է կասեցնել Ծոցի երկրներից նավթի արտահանումը՝ փակելով Հորմուզի նեղուցը: Ավելի ուշ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Հոմեյնին արգելել է ցանկացած ուղղակի բանակցություն ԱՄՆ-ի հետ: Միևնույն ժամանակ, Թեհրանը օգոստոսի 27-ին դիմել է ՄԱԿ-ի Միջազգային դատարան ՝ ԱՄՆ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու խնդրանքով: Հոկտեմբերին ՄԱԿ-ի Միջազգային դատարանը որոշում է կայացրել, որ ԱՄՆ-ը պետք է թուլացնի հակաիրանական պատժամիջոցները, որոնք սահմանվել են միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալուց հետո: Միջազգային դատարանի որոշման համաձայն՝ մարդասիրական ապրանքները, ինչպիսիք են սնունդը և դեղորայքը, պետք է հանվեն էմբարգոյի ցանկից: Նշենք, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման, բայց դատարանն իրական գործիքներ չունի` ստիպելու կողմերին հետևել որոշմանը:
Հատկանշական է նաև, որ իրանական ղեկավարությունը մեղադրում է ԱՄՆ-ին և նրա տարածաշրջանային դաշնակիցներին (Ծոցի միապետություններին) Իրանում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար (սեպտեմբերին Իրանում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով 25 մարդ է մահացել, ավելի քան 70-ը՝ վիրավորվել): Ավելի վաղ՝ 2018թ. հունվարին, Իրանում տեղի ունեցած ցույցերի ժամանակ իրանական ղեկավարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անկարգություններ է հրահրում Իրանում՝ փորձելով քողարկել տարածաշրջանի երկրներում իր կրած պարտությունները:
Ամերիկյան կողմի այս քայլերն ու երկրորդական պատժամիջոցների սպառնալիքները լուրջ հարված են հասցնում ոչ միայն ամերիկյան, այլ նաև միջազգային ամենատարբեր ընկերությունների և երկրների հետ Իրանի առևտրատնտեսական կապերին: Իրանի էներգետիկ հիմնական գործընկերներից Հարավային Կորեան և Ճապոնիան արդեն հայտարարել են Իրանի նավթի ներկրումը դադարեցնելու մասին: Հնդկաստանը դեռևս հայտարարում է, որ շարունակելու է Իրանից նավթի ներկրումը: Իրանական նավթի չորրորդ խոշորագույն գնորդ հանդիսացող Թուրքիան սեպտեմբերին կրճատել է նավթի ներկրումը Իրանից և մոտ ապագայում այն կարող է հասցնել զրոյի:
Ամերիկյան գործողությունների արդյունքում Իրանը բախվեց լրջագույն մարտահրավերների՝ մի կողմից միջուկային գործարքը, մյուս կողմից, Իրան-ԵՄ համագործակցությունը պահպանելու տեսանկյունից: ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ Եվրամիությունը չի հետևելու ԱՄՆ-ի օրինակին և կոչ է անում բոլոր կողմերին հավատարիմ մնալ իրենց պարտականությունների կատարմանը: Մոգերինին ընդգծեց, որ ԵՄ-ն գործելու է՝ ելնելով իր սեփական անվտանգության և տնտեսական շահերից, և հանձնառու է մնում միջուկային համաձայնագրի լիարժեք և արդյունավետ շարունակական իրականացմանն այնքան ժամանակ, որքան Իրանը հավատարիմ է մնում համաձայնագրի դրույթներին:
Իրանական կողմը ԵՄ-ի կողմից միջուկային գործարքը ստորագրած ԵՄ «Եռյակից» (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) ամուր երաշխիքներ էր պահանջում միջուկային գործարքի շրջանակներում իրանական շահերի պաշտպանության համար: Իրան-ԵՄ առևտրային և տնտեսական հարաբերությունները պահպանելու, ինչպես նաև Իրանում եվրոպական ընկերությունների շահերը պաշտպանելու նպատակով 2018թ. օգոստոսին ուժի մեջ մտավ ԵՄ «Արգելափակման ստատուտի» (Blocking Statute) նորացված տարբերակը («Արգելափակման ստատուտը» կարգավորիչ գործիք է, որը նախատեսված է խոչընդոտել այլ երկրի օրենքի կիրառությանը:): Իսկ 2018թ. սեպտեմբերին հայտարարվեց, որ ԵՄ-ն, Ռուսաստանն ու Չինաստանը մտադիր են վճարման նոր համակարգ մշակել Իրանի հետ բիզնեսը շարունակելու և ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու համար:
Պետք է արձանագրել սակայն, որ չնայած պաշտոնական մակարդակով ԵՄ-ի և եվրոպական կառավարությունների կողմից գործադրվող ջանքերին՝ եվրոպական մի շարք ընկերություններ, զգուշանալով ամերիկյան արտատարածաշրջանային պատժամիջոցներից, լքում են իրանական շուկան:
Ինչ վերաբերում է «վեցնյակի» անդամ հանդիսացող Ռուսաստանին և Չինաստանին, ապա պետք է նշել, որ, արձագանքելով միջուկային գործարքից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ ՌԴ ԱԳՆ-ն իր ափսոսանքն է հայտնել Վաշինգտոնի որոշման կապակցությամբ՝ նշելով, որ Թրամփն այս քայլով միաժամանակ հարված է հասցնում նաև միջազգային հանրության կենսունակությանը, ինչպես նաև միջուկային զենքի չտարածման ռեժիմին և Մերձավոր Արևելքում փխրուն խաղաղությանը: Ռուսական կողմն ընդգծել է, որ միջուկային գործարքը լիովին արդարացված է և ապացուցել է իր արդյունավետությունը, իսկ ՄԱԳԱՏԷ-ն պարբերաբար հաստատում է, որ Իրանը հավատարիմ է իր պարտավորություններին: Իր հերթին, Չինաստանը ևս մեկ անգամ հաստատել է իր պատրաստակամությունը՝ լիովին և արդյունավետ կերպով իրագործելու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը:
Ակնհայտ է, որ Թրամփի քաղաքականությունն Իրանի հարցում էապես տարբերվում է նրան նախորդած Բարաք Օբամայի ռազմավարությունից: Ավելին, Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը հուշում է, որ առաջիկայում Միացյալ Նահանգներն իր ողջ ներուժը կենտրոնացնելու է Իրանի դեմ:
Ամերիկյան սպառնալիքները հատկապես մտահոգիչ են Իրանի հիմնական գործընկերների, ինչպես նաև հարևան տարածաշրջանների համար: Թեհրանի նկատմամբ իրականացվող ամերիկյան քաղաքականության համատեքստում Իրանի անմիջական հարևանությամբ գտնվող Հարավային Կովկասը, այդ թվում նաև Հայաստանը, առանձնահատուկ կարևորություն են ստանում: Այս մասին է փաստում նաև հոկտեմբերին ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան: Հատկանշական է, որ այս հարցում Հայաստանը բավական բաց և թափանցիկ քաղաքականություն է վարում: Նույն Ջոն Բոլթոնի այցի շրջանակներում հայկական կողմը հստակ ներկայացրեց, որ Իրանն առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի համար, և ՀՀ վարած քաղաքականությունն Իրանի նկատմամբ բացառապես բխում է մեր կենսական շահերից:
Ընդ որում, նույնը չենք կարող ասել հարևան Ադրբեջանի մասին, որն, ընդհանուր առմամբ, դեմ չէ «հակաիրանական բլոկ» մտնելու գաղափարին՝ կախված նրանից, թե դրա դիմաց ինչ երաշխիքներ կառաջարկեն ԱՄՆ-ը և Իսրայելը: Ի դեպ, Ադրբեջանն արդեն իսկ ակտիվ քայլեր է իրականացնում այս ուղղությամբ՝ հիմնավոր կասկած առաջացնելով, որ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանը կարող է բացահայտ պլացդարմ դառնալ Իրանի դեմ առանձին գործողությունների իրականացման համար: Հատկանշական է նաև, որ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանը ևս 2018թ. հոկտեմբերից դադարեցրել է Իրանի տարածքով գազի ներկրումը (2016թ. Ադրբեջանը, Իրանն ու Թուրքմենստանը պայմանավորվածություն էին ձեռք բերել, որի համաձայն Ադրբեջանը Իրանի տարածքով Թուրքմենստանից գազ է ստանում):
Ամփոփելով՝ պետք է փաստել, որ 2019 թվականը ևս լրջագույն մարտահրավերների տարի է լինելու Իրանի համար: Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը թույլ է տալիս ենթադրել, որ առաջիկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի ջանքերը Մերձավոր Արևելքում ուղղվելու են հենց Իրանի դեմ:
Արփինե Հովսեփյան