ՀՀ առևտրային քաղաքականությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ԱՀԿ երկրների շրջանում

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առևտրային քաղաքականությունն անցնող տարում մեծ հետաքրքրություն է առաջացրել Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրների շրջանում:

ԱՀԿ-ում Հայաստանի 2018 թ. գրանցած հաջողությունների և 2019թ. նախատեսվող աշխատանքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի հետ:

- Պարոն Ավանեսյան, ի՞նչ գործառույթներ ունի Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, և երբվանի՞ց է Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում ԱՀԿ անդամ:

- Հայաստանի Հանրապետությունը ԱՀԿ-ին անդամակցել է 2003 թ. փետրվարին: ԱՀԿ-ն փաստացի երկրների համախումբ է, որը կանոնակարգում է միջազգային առևտրային հարաբերությունները: ԱՀԿ-ի ամենակարևոր գործիքներից մեկը առևտրային քաղաքականության վերաքննություն գործիքն է: Այն օգտագործում են նրա համար, որ բոլոր անդամները տեղեկացված լինեն մեկը մյուսի առևտրային քաղաքականության զարգացումներին: Հայաստանն այս ընթացքում երկու վերաքննություն է անցել, վերջինը տեղի է ունեցել բառացիորեն օրեր առաջ:

- Ե՞րբ է սկսվել երկրորդ վերաքննության գործընթացն ու ինչպիսի՞ ընթացք է ունեցել:

- Վերաքննության գործընթացը սկսվել է 2017թ. հոկտեմբերին: Այս ընթացքում եղել է ԱՀԿ քարտուղարության պատվիրակության երկու այց, որոնց ընթացքում շուրջ 50 հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, գործընթացում ներգրավված է եղել շուրջ 26 գերատեսչություն: Գործընթացն ամփոփվել է նոյեմբերի 20-22-ին տեղի ունեցած ներկայացումների ժամանակ: Ներկայացումները տեղի են ունենում հետևյալ ընթացակարգերով. առաջին օրը կայանում է ներկայացում, որի ժամանակ ԱՀԿ քարտուղարությունը ներկայացնում է իր զեկույցը Հայաստանի Հանրապետության առևտրային քաղաքականության վերաբերյալ, հետագայում մենք նույն օրը ներկայացնում ենք նաև Հայաստանի Հանրապետության առևտրային քաղաքականությունը կառավարության տեսանկյունից, թե ինչ զարգացումներ ենք մենք ակնկալում, որոնք են մեր սկզբունքներն առևտրային քաղաքականության ոլորտում։ Եւ, իհարկե, նույն օրն երկրները արձագանքում են և իրենց լրացուցիչ հարցերն են բարձրացնում։ Երկրորդ և երրորդ օրն արդեն տրամադրվում է հարցերին մեր արձագանքելուն: Տվյալ դեպքում ավելի քան 10 երկիր իրենց հարցերը կանխավ էին ներկայացրել, այսինքն՝ մենք հարցերն ամբողջությամբ ստացել էինք հոկտեմբերի սկզբին։ 11 երկրից 120 հարց էր ստացվել տարբեր ուղղություններով: Սա շատ ողջունելի է, այսինքն՝ որոշակի հետաքրքրություն կա Հայաստանի Հանրապետության՝ որպես առևտրային գործընկերոջ նկատմամբ։

- Ինչո՞վ է պայմանավորված մեր երկրի նկատմամբ հետաքրքրությունը:

- Պայմանավորված է մի քանի բանով: Նախ, որ Հայաստանի Հանրապետությունը միշտ եղել է ԱՀԿ «գերազանցիկը». մենք միշտ փորձել ենք խստիվ պահպանել ծանուցումների ժամկետները։ Երկրորդն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն այս պահի դրությամբ հետաքրքիր ժամանակաշրջան է ապրում: Մեր երկիրը բազմից հայտարարել է, որ անցում է կատարելու արտահանմանն ուղղված տնտեսական քաղաքականությանը: Նաև հետաքրքրությունը տարվա սկզբից երևում էր, և վերջին զարգացումները հատկանշեցին որոշ երկրների հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչպես առևտրային գործընկեր, այնպես էլ ընդհանուր առմամբ երկիր։ Որովհետև մենք հարցեր ենք ստացել նաև այն ոլորտներից, որոնք այնքան էլ չեն վերաբերում հենց առևտրային հարաբերություններին: Վերջում մոտավորապես 20 երկիր ամփոփիչ ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության առևտրային քաղաքականության վերաբերյալ: Ելույթների ճնշող մեծամասնությունը դրական է եղել, և երկրների մեծ մասը Հայաստանի Հանրապետությանը հորդորել է ավելի ակտիվ ներգրավվել միջազգային առևտրային հարաբերություններում, ինչպես միջպետական, այնպես էլ մասնավոր մակարդակներում: Օրինակ՝ Պարագվայը հորդորել է մեզ միանալ ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաձայնագրին: 20 երկիրը լուրջ ցուցանիշ է, որովհետև այսքան երկիր հիմնականում արձագանքում է շատ ավելի մեծ բնակչություն ու շատ ավելի մեծ առևտրային հոսքեր ունեցող երկրներին:

- Հայաստանն ԱՀԿ-ում դիտարկվում է միայն որպես առանձին երկի՞ր, թե՞ նաև որպես ԵԱՏՄ անդամ:

- Հայաստանի Հանրապետությունը նաև դիտվում է որպես մուտք դեպի ԵԱՏՄ-ի մեծ շուկաներ, սակայն ներկայացումից մեկ օր առաջ մենք ունեցել ենք ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության համաձայնագրի փաստացի ներկայացում, որը դարձյալ ԱՀԿ քարտուղարությունն էր պատրաստել, և այդ ընթացքում Հայաստանին ընդամենը երեք հարց էր ուղղվել: 120 հարցը մենք ստացել ենք առանձին, որպես Հայաստան երկրի վերաքննության ժամանակ: Սա երկու բան է նշանակում, որ այն սկզբունքները, որ որդեգրել ենք, հետաքրքիր են բոլորին։ Պետությունները զգալով, որ Հայաստանը կարող է ապագայում լուրջ գործընկեր դառնալ, ուզում են հող նախապատրաստել հետագա հարաբերությունների համար: ԱՀԿ-ն լուրջ հարթակ է մեր տնտեսավարողների շահերը արտաքին առևտրային հարաբերություններում պաշտպանելու համար:

- 2019 թ. ի՞նչ անելիքներ ունի Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպությունում:

- 2019 թ. ընթացքում մենք նախատեսում ենք ԱՀԿ-ի հետ նախ ծավալել տեխնիկական աջակցության գործընթացներ: Ենթադրվում է, որ մենք պետք է սկսենք Առևտրի խթանման հանձնաժողովի ստեղծման աշխատանքները, և ԱՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել մեզ աջակցելու տվյալ ոլորտում:

Նորայր Շողիկյան

Հայերեն English Français

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը