Պետությունն ուժեղացնում է աշխատանքի խորհրդատուների ինստիտուտը

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 1-ի դրությամբ զբաղվածության պետական ծառայությունում գրանցված են 81 հազար աշխատանք փնտրողներ, որից շուրջ 60 հազարն ունի գործազուրկի կարգավիճակ: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ բարձրագույն կրթություն ունեցողների դեպքում, հատկապես մարզերում, պահանջված են բժիշկներ, դասավանդողներ, համակարգչային մասնագետներ, ճարտարապետներ: Միջին մասնագիտականի դեպքում պահանջված են ֆինանսների և առևտրի բնագավառի, ծառայության ոլորտի աշխատողները, միջին բժշկական անձնակազմ և այլն: Նախնական մասնագիտականի դեպքում՝ վաճառողներ, խանութներում ապրանք ցուցադրողներ, տնային տնտեսության հետ կապված օգնողներ, հանրային սննդում աշխատող մարդիկ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Ուդումյանն՝ ամփոփելով իրականացրած աշխատանքը:

-Պարոն Ուդումյան, ինչպիսի՞ն էր Ձեր պաշտոնավարման ժամանակաշրջանը, ինչո՞վ էր այն հատկանշական:

-Նախարարությանը միացա հունիսին։ Առաջին մեկ երկու ամիսը ծանոթության շրջան էր՝մանրամասն ուսումնասիրելու ծրագրերը և հասկանալու աշխատանքի տրամաբանությունը, թեպետ, վաղուց եմ ոլորտում, աշխատել եմ թե պետական, թե միջազգային և թե հասարակական կազմակերպություններում: Վերջին վեց ամիսն ինչո՞վ էր հատկանշական: Նախ մենք շարունակել ենք նախկինից եկած ընթացիկ ծրագրերը: Դրանք ունեին երկու մակարդակ՝ ազգային, միջազգային: Ազգային մակարդակում իրականացված աշխատանքներից առանձնացնեմ հետևյալը: Հաշվի առնելով, որ այս տարի ավարտվում էր Զբաղվածության ռազմավարության ժամկետը, հետևաբար մենք ամփոփեցինք արդյունքները և նախանշեցինք գերակա ուղղությունները, որոնք պետք է տեղ գտնեն նոր՝ 2019-2023 թվականների ռազմավարությունում: Միջազգային մակարդակում իրականացված աշխատանքներից կուզենայի նշել հետևյալը: Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ մենք իրականացնում ենք սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագիրը, որի բաղադրիչ 2-ը վերաբերում է զբաղվածության ոլորտին։ Երբ ես նշանակվեցի, այն կասեցված էր: Այսինքն՝ նախկինից կային աշխատաշուկայի ակտիվ ծրագրերի մասով մշակված ուղեցույցեր, որոնք արդեն հնացած էին և չէին համապատասխանում աշխատաշուկայի մերօրյա պահանջներին: Բավական ջանք ու ռեսուրս պահանջվեց այդ ծրագրերն ամբոջությամբ վերանայելու համար և այս առումով 2019 թվականին ակնկալում ենք դրանց արդյունավետ իրականացումը :

-Ի՞նչ աշխատանքներ եք նախատեսում աշխատողների կարողությունների հզորացման ուղղությամբ:

-Կարևորում ենք աշխատանքի խորհրդատուների ինստիտուտի ներդրումը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ աշխատանքի խորհրդատուները կարիք ունեն մասնագիտանալու մեկ կամ մի քանի ոլորտներում: Աշխատանքի խորհդատուն չի կարող լինել որակյալ ու արդյունավետ, եթե նա ծածկում է տնտեսության բոլոր ոլորտները: Այսինքն՝ նեղ մասնագիտական խորհդատուների ինստիտուտ պետք է ձևավորել: Այս փուլում մտածում ենք ունենալ երկու ոլորտների հետ կապված աշխատանքի խորհրդատուների ինստիտուտ՝ սննդի վերամշակման և գյուղատնտեսության մասով, մյուսը տեքստիլ, թեթև արդյունաբերության ոլորտն է:

-Զբաղվածությանաշխատակիցների, խորհդատուների վերապատրաստումը մի հարց է, սակայն արդյո՞ք գործող ծրագրերն արդյունավետ են: Դրանց վերանայման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:

-Նախ ասեմ, որ զբաղվածության պետական ծրագրերը մշակվել են Լիտվայի, Շվեդիայի և մի շարք այլ երկրների փորձի հիման վրա: Կարծում եմ տեսակի ու բովանդակության առումով զբաղվածության ծրագրերը բավական լավն են: Մենք խնդիր ունենք աշխատաշուկայից եկող ազդակներին արագարձագանքելու և ըստ այդմ ծրագրերն ավելի հասցեական դարձնելու: Միգուցե, ֆինանսական հատկացումներն ավելացնելու անհրաժեշտություն կա, բայց ծրագրերի տեսակը և բնույթը, ընդհանուր առմամբ, հաջողված է: Որպես առաջին անգամ իրականացված ծրագիր՝ կցանկանայի հիշատակել դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագիրը: Այստեղ արդեն ունենք նախատեսվածից կրկնակի ավել շահառուներ։ Սկզբում 200 շահառուի մասին էր խոսքը, սակայն վերջին տվյալներով արդեն ունենք 461 շահառու:

-Դուք նշեցիք, որ ծրագրերը լավն են, հիմնված են միջազգային փորձի հիման վրա, սակայն արդյունավետության առումով խնդի՞ր չեք տեսնում: Օրինակ, նշվում էր, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված «Աշխատատեղերի հարմարեցում» ծրագրով դիմելիությունը բավական քիչ է: Այսինքն՝ ծրագիրը կա, սակայն դրանից օգտվել ցանկացողներն են քիչ:

-Զբաղվածության պետական ծրագրերի իրականացման շրջանակներում ներգրավվում են նաև գործընկեր այլ կազմակերպություններ՝ թե պետական և թե մասնավոր հատվածից։ Ասել, որ ծրագիրն արդյունավետ չէ, չէի համաձայնվի: Ծրագրին չդիմելու պատճառները բազմաթիվ են, կարող են լինել անձնական, միգուցե աշխատաշուկան այս պահին մրցակցային, գրավիչ և մատչելի աշխատանքներ չի առաջարկում հաշմանդամություն ունեցող անձանց:

-Աշխատաշուկայի շարժի հետ կապված ի՞նչ տվյալներ ունեք: Պահանջված մասնագիտությունների առնչությամբ աշխատաշուկայից ի՞նչ ազդակներ են գալիս:

-Դեկտեմբերի 1-ի դրությամբ զբաղվածության պետական ծառայությունում գրանցված են 81 հազար աշխատանք փնտրողներ, որից շուրջ 60 հազարն ունի գործազուրկի կարգավիճակ: Հաճախակի իրականացվում են աշխատաշուկայի ուսումնասիրություններ, որպեսզի հասկանանք ազդակները: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ բարձրագույն կրթություն ունեցողների դեպքում, հատկապես մարզերում, պահանջված են բժիշկներ, դասավանդողներ, համակարգչային մասնագետներ, ճարտարապետներ: Միջին մասնագիտականի դեպքում պահանջված են ֆինանսների և առևտրի բնագավառի, ծառայության ոլորտի աշխատողները, միջին բժշկական անձնակազմ և այլն: Նախնական մասնագիտականի դեպքում՝ վաճառողներ, խանութներում ապրանք ցուցադրողներ, տնային տնտեսության հետ կապված օգնողներ, հանրային սննդում աշխատող մարդիկ:

-Նախարարությունը նախատեսում էր վերստեղծել Աշխատանքի տեսչությունն իր ամբողջական գործառույթներով: Ի՞նչ փուլում է ծրագիրը:

-Ինչպես գիտեք, 2013 թվականին Աշխատանքի տեսչությունը վերակազմակերպվեց և այսօր ՀՀ կառավարության ներքո գործում է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը: Ներկայումս այն իրականացնում է վերահսկողություն աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հարցերով։ Բացակայում է աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ Այս բացը լրացնելու համար նախարարության կողմից մշակվել և ներկայացվել են համապատասխան առաջարկություններ։

-Ներկայում գերատեսչությունների օպտիմալացման գործընթաց է գնում և չի բացառվում, որ բազմաթիվ աշխատողներ գործազուրկ մնան: Զբաղվածության ծառայությունը որքանո՞վ է պատրաստ այս խնդրին:

-Նախ ասեմ, որ օպտիմալացումը դեռ չի նշանակում գործազրկություն: Համենայնդեպս, Զբաղվածության պետական ծառայությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում օժանդակել աշխատանքի տեղավորման հարցում։

-Միջազգային համագործակցության շրջանակումի՞նչ ծրագրեր կառանձնացնեք:

-Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ վերջերս «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի տեքստն ավարտին հասցրեցինք և արդեն պատրաստ ենք ստորագրելու: Դա քառամյա նոր ծրագիր է: Ծրագիրն ունի երեք հիմնական գերակա ուղղություններ՝ Աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող մեխանիզմների կատարելագործում, Զբաղվածության քաղաքականության բարելավում, կանանց և տղամարդկանց զբաղվածության կարողությունների ընդլայնում, Սոցիալական երկխոսության և կոլեկտիվ բանակցությունների ամրապնդում:

Կցանկանայի նշել նաև, որ ստորագրվել է Բուլղարիայի հետ աշխատանքային միգրացիայի կանոնակարգման համաձայնագիրը: Այն ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատվել է և հիմա քննարկում ենք դրա իրականացման ընթացակարգերը: Սրանով մենք կնպաստենք երկու երկրների միջև աշխատանքային միգրացիայի կանոնակարգմանը:Կացության իրավունքի հիման վրա նրանք արդեն կարող են աշխատել՝ առանց աշխատանքի թույլտվության: ԵՄ երկրներում մենք այդ սահմանափակումն ունենք, ոչ բոլոր երկրներում է, որ կացության իրավունքի հիման վրա Հայաստանի քաղաքացիները կարող են աշխատել: Առաջիկայում կձևավորվի հանձնաժողով, կհստակեցվեն, թե թափուր աշխատատեղերի դեպքում ինչ տիպի փաստաթղթեր են պետք, ինչ պայմաններով են քաղաքացիներն աշխատելու, ինչ տիպի աշխատանքային պայմանագրեր են լինելու և այլ հարցեր:

Աննա Գզիրյան

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում