ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում զբոսաշրջությունը գնալով երիտասարդանում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը: Նրա խոսքով՝ երիտասարդացման պատճառը արկածային զբոսաշրջության զարգացումն է:
Անդրադառնալով Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործունեությանը, Խզմալյանը նշեց, որ այն հիմնական գործունեությունը ծավալում է տեղեկատվական քաղաքականության դաշտում: «Այս տարի մեր կայքի հասանելիությունը հասցրել ենք 720 հազար 100 մարդու, «Ֆեյսբուք»-ում հետևորդների թիվը՝ 62 հազարի, «Ինստագրամ»-ինը՝ 41 հազարի: Մոսկվայում մի քանի օր առաջ լույս է տեսել «Պոլիգլոտ» ուղեցույցը: Արդեն իսկ մեծ հետաքրքրություն կա, և այն տարածվելու է Եվրոպայում, բալթյան երկրներում»,- նշեց նա:
Խզմալյանի խոսքով՝ Հայաստանը մասնակցել է 6 ցուցահանդեսների տարբեր երկրներում, ինչպես նաև ԱՊՀ երկրներում կազմակերպվող խոշորագույն առցանց ցուցահանդեսին, որտեղ արժանացել է «Լավագույն երկիր» անվանակարգի մրցանակի: «5 շնորհանդես ենք կազմակերպել տարբեր երկրներում: Մենք այլևս առաջին դիրքում ենք ոչ միայն կոնյակի, այլև գինու արտադրությամբ: Տպագրել ենք մի քանի լեզուներով գովազդա-տեղեկատվական նյութեր: Աշխատել ենք սփյուռքի, Արցախի հետ, կազմակերպել ենք նաև 17 տուրօպերատորների այց Արցախ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ 50-ից ավելի բլոգերներ, լրագրողներ են այցելել Հայաստան, որոնց այցերի արդյունքներով մի շարք հոդվածներ են հրապարակվել: