10 րոպեի ընթերցում
Տարին ԵՄ համար առանձնացավ միգրացիոն քաղաքականության շուրջ տարաձայնություններով, որոնք անգամ պատժամիջոցների կիրառման սպառնալիքի առիթ դարձան: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հունգարիայում, որը հրաժարվում է ԵՄ կողմից սահմանված քվոտաներով միգրանտներ ընդունել մերձավորարևելյան և աֆրիկյան երկրներից։
ԵՄ միգրացիոն քաղաքականության արդյունքումավելացել են նաև կազմակերպված հանցավորության դեպքերի թիվը, ինչը ստիպեց եվրոպական մի շարք երկրների վերանայել իրենց դիրքորոշումն այս հարցի շուրջ և փնտրել նոր լուծումներ: 2018թ. հունիսին Բրյուսելում կայացած 10-ժամյա բանակցությունների արդյունքում՝ ԵՄ առաջնորդները նոր միգրացիոն գործարք կնքեցին, որն ուղղված էր Հարավային Եվրոպայից ժամանող ապաստան խնդրողների հոսքը կասեցնելուն:
Հատկանշական էին նաև Գերմանիայում անցկացված դաշնային հողերի խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքների վրա ուղղակիորեն ազդեցություն ունեցավ նաև Գերմանիայի կողմից որդեգրված միգրացիոն քաղաքականությունը: Միգրացիոն ճգնաժամն այն հիմնական գործոններից մեկն էր, որը դարձավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վարկանիշի շարունակական անկման պատճառը, որով էլ պայմանավորված էին այս տարվա հոկտեմբերին դաշնային հողերի խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության գրանցած աննախադեպ ցածր ցուցանիշները: Կարելի է ասել, որ այս արդյունքները 2017թ. սեպտեմբերի խորհրդարանական ընտրություններում գրանցած ձախողումների տրամաբանական շարունակությունն էին: Մյուս կողմից էլ, ուշագրավ է այն փաստը, որ այս տարվա դեկտեմբերին Համբուրգում կայացած Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) համագումարում Գերմանիայի կառավարության ղեկավար Անգելա Մերկելը չառաջադրեց իր թեկնածությունը կուսակցության նախագահի պաշտոնում, հայտարարելով նաև, որ կանցլերության չորրորդ ժամկետի ավարտից հետո՝ 2021թ.-ին, կլքի «մեծ քաղաքականությունը»:
Եվրոպայում 2018թ.-ը կարևորվեց նաև Բրեքսիթի գործընթացի շուրջ ծավալվող իրադարձություններով, որի շուրջ պաշտոնական բանակցություններն սկսել էին դեռևս 2017թ. հունիսի 19-ին Բրյուսելում: 2017թ. մարտի 29-ին ՄԲ-ի կառավարության կողմից կիրառված Եվրոպական միության մասին պայմանագրի 50-րդ հոդվածով, որը լրամշակվել էր 2007թ. դեկտեմբերի 13-ին Լիսաբոնի պայմանագրով, ՄԲ-ն պարտավորվում է լքել կառույցը մինչև 2019թ. մարտի 29-ը: Լոնդոնի և Բրյուսելի միջև այս հարցում համաձայնությունը պետք է ձեռք բերվեր մինչև այս տարվա հոկտեմբերի վերջ, որը սակայն տեղի չունեցավ կողմերի անզիջում ու կոշտ դիրքորոշումների պատճառով: Արդեն նոյեմբերին Մեյի և Եվրամիության ղեկավարների միջև ձեռք բերվեց համաձայնություն Բրեքսիթի պայմանների վերաբերյալ համաձայնագրի շուրջ, որն իրենից ներկայացնում է մոտ 500 էջանոց փաստաթուղթ: Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայի կառավարության մի շարք անդամներ համաձայն չեն Բրեքսիթի պայմանների վերաբերյալ Մեյի համաձայնեցրած դրույթներին, որով էլ պայմանավորված էր Թերեզա Մեյի կողմից Բրեքսիթի շուրջ համաձայնագրի վերաբերյալ երկրի խորհրդարանում դեկտեմբերի 11-ին նախատեսված որոշիչ քվեարկության հետաձգումը: Բրեքսիթի պայմանների վերաբերյալ համաձայնագրի նախագծի շուրջ հունվարի 9-ին բրիտանական խորհրդարանում վերսկսվող երկօրյա բանավեճերի նախաշեմին Թերեզա Մեյը կրճատել Է նախարարների կաբինետի անդամների սուրբծննդյան արձակուրդը՝ հունվարի 2-ին «կոշտ» բրեքսիթի (ԵՄ-ի հետ առանց գործարքի) շուրջ արտահերթ նիստ անցկացնելու նպատակով: Այսպիսով, գալիք տարում առավել հավանական է առանց համաձայնագրի Բրեքսիթի տարբերակը, ինչի արդյունքում վնասներ կկրեն թե´ ՄԲ-ն, թե´ ԵՄ-ն: Բրիտանական կաբինետի անդամները չեն բացառում նաև Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցի շուրջ նոր հանրաքվեի անցկացման տարբերակը:
Այս տարին Եվրոպայում նշանավորվեց Ֆրանսիայի ենթակայության տակ գտնվող խաղաղօվկիանոսյան շրջաններից մեկում՝ Նոր Կալեդոնիայում, անցկացված անկախության հանրաքվեով, որի արդյունքում բնակչության 60 %-ը դեմ արտահայտվեց Ֆրանսիայից անկախանալուն: Սա թվով երկրորդ հանրաքվեն էր Նոր Կալեդոնիայում, ինչը ևս մեկ անգամ փաստեց, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը՝ հիմնված ազատ կամարտահայտման իրավունքի վրա, հնարավոր է լուծել ժողովրդավարական և օրինական ճանապարհով: Սա, անկասկած, ինքնորոշման իրավունքի իրացման բավական լավ օրինակ է և կարող է իր դրական ազդեցությունն ունենալ միջազգային հարաբերություններում ինքնորոշման իրավունքի ընկալումների վրա:
2018թ-ին բավական լուրջ զարգացումներ տեղի ունեցան նաև Ֆրանսիայում: Նոյեմբերի 17-ին մեկնարկեցին «դեղին բաճկոնավորների» ցույցերն ու բողոքի ակցիաները՝ ուղղված դիզելային վառելիքի և բենզինի գների թանկացման դեմ: Ի սկզբանե ցուցարարների պահանջներն ունեին սոցիալ-տնտեսական բնույթ, սակայն աստիճանաբար դրանք փոխակերպվեցին նաև քաղաքականի՝ ընդհուպ մինչ նախագահի հրաժարականի պահանջի: Սրան ի պատասխան, Մակրոնը հանդես եկավ տեսաուղերձով՝ Ֆրանսիայում սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ, ինչն իրավիճակը հարթելուն ուղղված կարևոր քայլ էր: Այնուամենայնիվ, ցույցերը դեռևս շարունակվում են, ցույցի առաջնորդներից մեկն անգամ չի բացառել, որ դեղին բաճկոնավորները տարեսկզբին նոր քաղաքական ուժ կձևավորեն և կմասնակցեն 2019թ. նախատեսվող Եվրախորհրդարանի ընտրություններին:
Ֆրանսիայում ծավալվող այս զարգացումները թերևս մեծ մարտահրավերներ են առաջացրել նաև եվրոպական հարևան մի շարք երկրներում՝ ձնագնդի էֆեկտով տարածվելով նաև Նիդերլանդներում, Շվեդիայում, Գերմանիայում, Չեռնոգորիայում և Բելգիայում:
Ամբողջ 2018թ.-ի ընթացքում լարվածություն պահպանվեց հատկապես ԵՄ-ԱՄՆ հարաբերություններում: 2018թ․ մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային պայմանագրից դուրս գալը և Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը, ինչպես նաև երկրորդական պատժամիջոցների կիրառման սպառնալիքը լրջագույն խոչընդոտ ստեղծեցին մի կողմից միջուկային գործարքի պահպանման համար, մյուս կողմից էլ լարվածություն առաջացրին միջուկային պայմանագրի անդամ երկրների միջև հարաբերություններում: Այնուամենայնիվ, ԵՄ-ն հայտարարեց, որ չի հետևելու ԱՄՆ-ի օրինակին և կոչ արեց բոլոր կողմերին հավատարիմ մնալ իրենց պարտավորությունների կատարմանը: Այս ամենի հետ մեկտեղ, ԱՄՆ-ԵՄ միջև գարնանը մեկնարկած «առևտրային պատերազմն» է´լ ավելի սրեց երկկողմ հարաբերությունները: Արդյունքում՝ մի շարք ապրանքատեսակների վրա փոխադարձ մաքսատուրքեր սահմանվեցին, որոնք ուղղակի հարված էին երկրների տնտեսություններին: Խնդրի հետ կապված որոշակի դրական տեղաշարժ սկսվեց նկատվել արդեն հուլիսից սկսած: Երկկողմ երկարատև բանակցությունների արդյունքում որոշում կայացվեց հստակեցնել արդյունաբերական արտադրանքների նկատմամբ մաքսատուրքերի վերացման հարցերը: Արդեն հոկտեմբերին Թրամփի վարչակազմը կոչ արեց Կոնգրեսին հանդես գալ նախաձեռնությամբ՝ ԵՄ-ԱՄՆ առևտրային գործարքի շուրջ բանակցություններ սկսելու ուղղությամբ, որը թույլ կտա վերացնել հարաբերություններում առկա արգելքներն ու վերանայել առևտրային գործելակերպը:
Լարվածության մթնոլորտը պահպանվեց նաև ԵՄ-ՌԴ հարաբերություններում: Այս տարի ևս ԵՄ-ը վեց ամսով երկարաձգեց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, որի հիմնական պատճառը, ըստ Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հայտարարության, Մինսկի համաձայնագրերի իրագործման հարցում տեղաշարժի բացակայությունն է:
Տարին ակտիվ էր ԵՄ-Ճապոնիա տնտեսական համագործակցության տեսանկյունից, մասնավորապես՝ տարեվերջին ԵՄ-ն և Ճապոնիան համաձայնության եկան 2019թ. ստեղծել աշխարհի ամենամեծ ազատ առևտրի գոտին:
Այսպիսով՝ կարելի է ընդգծել, որ չնայած տարվա ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրներին և որոշ երկրների հետ հարաբերությունների լարվածության, ԵՄ-ին հաջողվեց պահպանել իր դիրքերը որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ: Վերոնշյալ զարգացումները փաստում են, որ այս տարի ԵՄ ներքաղաքական ու արտաքին քաղաքական կյանքը ակտիվ է եղել, ինչը շարունակական բնույթ կկրի հաջորդ տարում ևս՝ կապված այնպիսի գործընթացների հետ, ինչպիսիք են՝ 2019թ. սպասվող ԵՄ խորհրդարանական ընտրությունները, Բրեքսիթի գործընթացի հանգուցալուծումը և այլն:
Գոհար Հովհաննիսյան