Հասարակական

Ապրիլյան պատերազմի շուրջ կան շատ հարցեր, որոնք անհանգստացնում են Նիկոլ Փաշինյանին

4 րոպեի ընթերցում

Ապրիլյան պատերազմի շուրջ կան շատ հարցեր, որոնք անհանգստացնում են Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան քառօրյա պատերազմի շուրջ կան շատ հարցեր, որոնք անհանգստացնում են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այդ մասին նա նշեց Վանաձորում՝ լրագրողների հետ զրույցում: «Ապրիլյան պատերազմի վերաբերյալ նաև այս վերջին քննարկումները ցույց տվեցին, որ շատ հարցեր կան, որոնք ինձ էլ են շատ հետաքրքրել ու անհանգստացրել, և այսօր էլ ես դրանցով զբաղվում եմ: Դա շատ կարևոր է նաև հետագայի համար, բայց ինչ ասել եմ՝ դա իրողություն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դեկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին իր խորհրդական նշանակելու որոշման շուրջ քննարկումներին ու քննադատություններին: Արշակ Կարապետյանը Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվել էր 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով խոսակցություններին, թե Արշակ Կարապետյանն է ապրիլյան պատերազմի պատասխանատուն, ընդգծել էր՝ նրանք, ովքեր ասում են, որ Արշակ Կարապետյանն է ապրիլյան պատերազմի պատասխանատուն, նրանք, ըստ էության, ասում են, որ նրանից վերև ոչ մեկ պատասխանատու չէ: Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին այդ իրադարձությունների արդյունքում գործից հանել է Սերժ Սարգսյանը, նրանք ասում են, որ Սերժ Սարգսյանը փաստորեն արդար դատավոր է, և այդ իրավիճակում արդար որոշում է կայացրել: Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»,- ասել էր Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել էր, որ թեմայի շուրջ հնչող հարցերը վկայում են այն մասին, որ մեր հանրությունը, մենք բոլորս ունենք շատ հարցեր ապրիլյան պատերազմի վերաբերյալ: «Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է հանգիստ գտնենք այդ հարցերի պատասխանները: Դրանց այն մասը, որը հնարավոր է ներկայացնել հանրությանը, պետք է ներկայացնենք հանրությանը:

Նա հավելել էր, որ քառօրյա պատերազմի մեկնարկից առնվազն մեկ ամիս առաջ ադրբեջանական զորքերի կուտակում է եղել ամբողջ շփման գծի երկայնքով, և դա իմացել են բոլորը: «Ես հիմա ինձ իրավունք չեմ վերապահի գնահատականներ տալ նախկինում տեղի ունեցած մանրամասների վերաբերյալ, որովհետև կարծում եմ, որ մենք այդ գնահատականները պետք է գտնենք»,- նշել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Հարցին, թե ո՞վ է առաջարկել Արշակ Կարապետյանի թեկնածությունը վարչապետի խորհրդականի պաշտոնում, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը պատասխանել էր, որ ոչ ոք չի առաջարկել, ինքն է այդ որոշումը կայացրել: «Համոզված եմ, որ նա իր պարտականությունները կկատարի: Ես արդեն ասացի, որ մենք պետք է մտածենք բարձրացված գլոբալ հարցերի պատասխանները գտնելու վերաբերյալ, իսկ եթե որևէ փուլում հարցեր կծագեն, այս կարգավիճակում նա ավելի մեծ պարտավորություն կունենա հարցերին կոնկրետ պատասխանելու»,- ընդգծել էր Փաշինյանը:

Անդրադառնալով մեկնաբանություններին, թե ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել՝ Փաշինյանը նշել էր, որ այս ընթացքում բազմաթիվ բանավոր և գրավոր տեղեկություններ են ստացվում, որոնք որոշակի տեղեկություններ են և դեռ ստուգման կարիք ունեն: «Ես գիտեմ, որ այդպիսի վարկած եղել է, որը լայնորեն քննարկվել է: Մի բանում կարող եք չկասկածել, որ մեր բոլոր գործողությունները ուղղված են լինելու մեզ համար կարևոր ճշմարտությունները բացահայտելուն, եթե նույնիսկ առաջին հայացքից դրանք կարող են հակառակ տպավորություն թողնել»,- ընդգծել էր նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում