6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս ԱՄՆ Սենատը հաստատել է Լինն Թրեյսիի թեկնածությունը՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում: Նկատենք, որ հարցի վերաբերյալ Սենատում կայացած լսումների ժամանակ Թրեյսին մանրամասն հստակեցրել էր, թե որոնք են լինելու իր հիմնական առաջնահերթությունները որպես դեսպան: Ողջունելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական փոփոխությունները` ԱՄՆ դիվանագետը, մասնավորապես առանձնացրել է երեք հիմնական ուղղություն՝ կոռուպցիայի դեմ պայքար, քաղաքացիական հասարակության ամրապնդում և անկախ լրատվամիջոցների շարունակական զարգացում, որոնց ուղղությամբ Միացյալ Նահանգները պետք է կենտրոնացնի Հայաստանին տրամադրվող աջակցությունը: Լ. Թրեյսին Հայաստանի համար կարևոր հարցերի շարքում անդրադարձավ ինչպես Ցեղասպանության ճանաչման խնդրին, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտությանը: Խուսափելով արտաբերել «Ցեղասպանություն» տերմինը՝ նա խոստացել է «ամեն ինչ անել զոհերի հիշատակը հարգելու համար, ինչպես նաև խրախուսել Թուրքիային և Հայաստանին ճանաչել և առերեսվել անցյալի ցավալի դեպքերի հետ»: Բացի այդ, Լինն Թրեյսին կարևորել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն «առավել անվտանգ և բարեկեցիկ Հայաստան ու Հարավային Կովկաս ունենալու համար»:
Նշենք, որ Լինն Թրեյսին ԱՄՆ Պետդեպարտամենտում արտաքին ծառայության ավագ անդամ էր և ունի նախարար-խորհրդականի դասի աստիճան: Ստանալով բակալավրի աստիճան՝ խորհրդային տարածքի ուսումնասիրությունների ոլորտում, իր հոդվածներում ԱՄՆ դիվանագետը հաճախ հանդես է եկել հետխորհրդային երկրներում ԱՄՆ պատժամիջոցների դեմ: Մասնավորապես, «Ազատվելով պատնեշներից. ամերիկյան օրենքները, որոնք խոչընդոտում են ԱՊՀ երկրների հետ առևտրին» 2015 թվականին հրապարակած հոդվածում Թրեյսին առաջ է քաշել այն թեզը, որ ԱՄՆ պետք է հրաժարվի հետխորհրդային երկրների դեմ իր պատժամիջոցների քաղաքականությունից, քանի որ դրա արդյունքում ստեղծվող տնտեսական ծանր իրավիճակը հանգեցնելու է այդ երկրներից փախստականների հոսքին դեպի ԱՄՆ, ինչը չի բխում ԱՄՆ շահերից: Ըստ Լինն Թրեյսիի՝ հետխորհրդային երկրներից յուրաքանչյուրն ունի իր առանձին պատմությունը, մշակույթը, և ելնելով այդ առանձնահատկություններից՝ ԱՄՆ-ը պետք է վերանայի իր քաղաքականությունն այդ պետությունների նկատմամբ:
Հատկանշական է, որ Լինն Թրեյսին դիվանագիտական ծառայություն է անցել նաև Պակիստանում, որի ընթացքում նրան ուղեկցող մեքենան ահաբեկիչների կողմից ենթարկվել է հարձակման: Այդ իրավիճակում ցուցաբերած քաջության համար նա այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից ստացել է Պետքարտուղարության Պատվո մրցանակ:
Ամփոփելով նշենք, որ ներկայումս առկա են մի շարք նպաստավոր գործոններ, որոնք կարող են նոր թափ հաղորդել և խթանել հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացմանը: Առաջին, Հայաստանում հետխորհրդային երկրների հետ աշխատանքի հարուստ փորձ ունեցող նոր դեսպանի նշանակումը, իհարկե, կարող է դրական անդրադառնալ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման վրա (Լինն Թրեյսին Ռուսաստանում, Ղազախստանում և Թուրքմենստանում զբաղեցրել է դիվանագիտական տարբեր պաշտոններ): Երկրորդ, հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար կարող է ևս մեկ խթան լինել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում Վարուժան Ներսիսյանի նշանակումը (հոկտեմբերին), ով ունի բավարար փորձ և արդեն իսկ դրսևորում է մեծ ակտիվություն: Երրորդ, ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին միջանկյալ խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում ըստ Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի(«Հայ Դատի» հանձնախմբի) տարածած հայտարարության՝ Կոմիտեի հավանությունը ստացած կոնգրեսականների թեկնածուների ավելի քան 90%-ին (180-ից 165-ին) հաջողվել է հաղթանակ տանել: Հետևողական աշխատանքի պարագայում, այս գործոններն, իհարկե, կարող են նպաստել հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվ զարգացմանը և ամրապնդմանը՝ ներառելով նոր ոլորտներ և մակարդակներում:
Վերջում անդրադառնանք մեր հարևան երկրներում՝ Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի նշանակման շուրջ տեղի ունեցած զարգացումներին: Վրաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը չի հաստատվել, քանի որ Վրաստանի իշխանությունները մերժել են թեկնածու Բրիջիթ Բրինքի նշանակումը: Վերջինս, ըստ ամերիկյան մամուլի՝ լավ վերաբերմունք ունի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ու նրա քաղաքական ուժի հանդեպ: Ադրբեջանի պարագայում, թեպետ դեսպան Ըրլ Լիցենբերգերի թեկնածությունը հաստատվեց ԱՄՆ Սենատի կողմից, գործընթացը հարթ չընթացավ: Այն երկու շաբաթ հետաձգվեց, քանի որ ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը պարզաբանում էր պահանջել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթնից, վերջինիս Ադրբեջանին զենք վաճառելու առաջարկի վերաբերյալ: Սենատում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ Ըրլ Լիցենբերգերը նշել է, որ ԱՄՆ Պետադեպարտամենտն ուշադրությամբ հետևելու է, որ ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրամադրվող որևէ օգնություն չվնասի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին, ինչպես նաև Լիցենբերգը խոստացել է կոչ անել Ադրբեջանի կառավարությանը զերծ մնալ ցանկացած քայլից, որը կարող է վատթարացնել իրավիճակը սահմաններին:
Լիանա Հովհաննիսյան