Հասարակական

GALLUP-ի հարցումների համաձայն` ՀՀ ամենակարևոր խնդիրը գործազրկությունն է

2 րոպեի ընթերցում

GALLUP-ի հարցումների համաձայն` ՀՀ ամենակարևոր խնդիրը գործազրկությունն է

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «GALLUP International association»-ի իրականացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի քաղաքացիների համար ՀՀ-ի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը գործազրկությունն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին հարցրել ենք, թե որոնք են ներկա պահին մեր պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրները: 45.2%-ը պատասխանել է՝ գործազրկությունը, 29.6%-ը կարծում է, որ տնտեսական վիճակը, 23.9%-ը` ցածր թոշակներն ու ցածր աշխատավարձերը»,- նշեց Նավասարդյանը:

Հարցման մասնակիցների տված պատասխաններով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ու արտաքին քաղաքականության խնդիրները ավելի քիչ տոկոսներ են ստացել:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարևորության տեսանկյունից ստացել է 23.4%, իսկ արտաքին քաղաքականության խնդիրները` 8%»,- ասաց Արամ Նավասարդյանը:

Հարցման արդյունքներով կարևորության ցածր ցուցանիշ են արձանագրել նաև առողջապահական համակարգի վատ վիճակը, արտագաղթը, կրթական համակարգի վատ վիճակը, գնաճը, բարձր կոմունալ վճարներն ու բարձր հարկերը:

Հետազոտությունն իրականացվել է դեմ առ դեմ հարցումների մեթոդով: Հարցումների քանակը` 1111, հետազոտության ընտրանքային սխալը՝ 3%: Հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 17-21: Իրականացման վայրը` Հայաստանի Հանրապետություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում