Սփյուռք

Մխիթար Հայրապետյանը չի բացառում Սփյուռքի նախարարության վերակազմավորումը

2 րոպեի ընթերցում

Մխիթար Հայրապետյանը չի բացառում Սփյուռքի նախարարության վերակազմավորումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն իր պաշտոնում աշխատանքի 6 ամիսների ընթացքում տպավորություն է ստացել, որ նախարարությունն ի սկզբանե ստեղծվել ու կրել է սիմվոլիկ բնույթ։ Այդ մասին Հայրապետյանը նշեց հրավիրված ասուլիսում:

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է տեսնում այս նախարարության ապագան՝ հաշվի առնելով, որ բազմիցս խոսվել է որոշ գերատեսչությունների օպտիմալացման մասին։ «Տպավորություն ունեմ, որ այս գերատեսչությունն իր առջև չի դրել ամենահավակնոտ խնդիրները։ Պետության կողմից այդ գերատեսչության առջև անլուծելի խնդիրներ չեն դրվել։ Այս իմաստով իմ կարծիքը հետևյալն է. եթե նախարարությունը պետք է լինի բացառապես խորհրդանշական բնույթի, սփյուռքի աչքերին թոզ փչելու համար և որոշակի ակնկալիքներ ու կարիքներ հոգալու համար, ապա պարտադիր չէ, որ ձևաչափը լինի առանձին նախարարության տեսքով։ Բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է իրեն թույլ տալ ունենալ Սփյուռքի ուժեղ նախարարություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ ինքը վստահ է, որ ինչ որոշում էլ կայացնի նոր կառավարությունը, այն միտված է լինելու ավելի արդյունավետ աշխատանք կազմակերպելուն: Հայրապետյանը, միաժամանակ, նշեց, որ չի բացառում նոր կառավարության կազմում Սփյուռքի նախարարության վերակազմավորումը որպես որևէ նախարարության առանձին կոմիտեի կամ գործակալության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում