Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ քաղաքագիտական առումով ընտրություններից առաջ որևէ քաղաքական ուժի շանսերի մասին խոսելը լուրջ չէ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԲՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքով, հետհեղափոխական ոգևորվածությունը կարող է իր դերը խաղալ, բայց ոչ վճռորոշ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորն այսպիսի կարծիք հայտնեց՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ ակնկալիքներին:
«Քաղաքագիտական առումով՝ ընտրություններից առաջ, գուշակել որևէ քաղաքական ուժի տեղի և դերի մասին՝ նոնսենս է: Եթե բոլորս կարողանանք սպասարկել հանրային ակնկալիքները, ապա ժողովուրդն իր քվեով կհաստատի յուրաքանչյուր ուժի տեղը: Չեմ կարծում, որ ճիշտ է ժամանակից առաջ ընկնել և ասել, թե մենք լավագույն ընդդիմությունը կամ երկրորդ տեղում կլինենք»,- շեշտեց պատգամավորը:
Խոսելով ետհեղափոխական ազդեցությունից՝ արդյոք հնարավո՞ր է, որ այն վճռորոշ դեր ունենա, նա նշեց, որ այդ ոգևորվածությունը դեռևս կա ժողովրդի մեջ և գուցե իր դերն ունենա:
«Պետք է նաև հասկանալ, որ վերջին շրջանում սկսել են ավելի ակտիվ բարձրացվել սոցիալական խնդիրները: Օրինակ` հանքարդյունաբերության հետ կապված մի քանի խնդիր ունեցանք, մարդկանց թոշակների, աշխատավարձերի բարձրացման հետ կապված խնդիրներ կան: Այսինքն՝ աստիճանաբար, հանրային պահանջները փոխվում են: Սպասել, որ միշտ նույն ոգևորվածությունը կլինի, ճիշտ չէ: Կարծում եմ, որ աստիճանաբար ոգևորվածությունը զիջում է սառը դատողությանը, և քաղաքական ներկապնակում բազմակարծությունը պետք է ապահովել ամեն գնով: Դա առավել կարևոր է մեր հանրային կյանքում, որովհետև առանց լուրջ բանավեճերի, առանց հակադրությունների լավագույն օրենքները չեն ստեղծվում և լավագույն որոշումները չեն ընդունվում, պետք է սա հաշվի առնել: Աշխարհում չկա նման բան, որ որևէ քաղաքական ուժ, լինելով բացարձակ մեծամասնություն, կարողանա իսկապես վճռորոշ պահերին ճիշտ որոշում ընդունել, դա դժվարագույն խնդիր է ցանկացած երկրում»,- ասաց Բագրատյանը:
Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին: Քարոզարշավը սկսվելու է նոյեմբերի 26-ից: