Նոր Կալեդոնիան՝ որպես ինքնորոշման իրավունքի իրացման նոր օրինակ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 4-ին Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած անկախացման հանրաքվեն դարձավ ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական դրսևորումը: Այն օրինակելի նախադեպ է, երբ ինքնորոշման իրավունքը ոչ միայն իրացվում է, այլ նաև հարգվում և ճանաչվում: Հենց այդ իրավունքի իրացման արդյունքում Նոր Կալեդոնիայի բնակչության 60%-ն այն հարցին, թե «Ուզո՞ւմ եք, որ Նոր Կալեդոնիան դառնա ինքնիշխան և անկախություն ձեռք բերի», պատասխանել է «ո՛չ»:

Նշենք, որ հանրաքվեի բացասական արդյունքը կանխատեսելի էր, քանի որ Ֆրանսիայի ենթակայության տակ գտնվող խաղաղօվկիանոսյան այս շրջանը Եվրոպայի հետ կապված է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական սերտ կապերով: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Նոր Կալեդոնիայից Եվրոպա ոսկու, նիկելի, կոբալտի, երկաթի և այլ մետաղների արտահանմանը: Ուստի Ֆրանսիայից անկախացումը շրջանի համար կարող է լուրջ տնտեսական խնդիրներ առաջ բերել:

Այս համատեքստում, սակայն, կարևոր է ոչ այդքան հանրաքվեի արդյունքը, այլ այն փաստը, որ Ֆրանսիայի իշխանությունների հետ բանակցությունների շնորհիվ հնարավոր է եղել գալ համաձայնության Նոր Կալեդոնիայում անկախության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, որի արդյունքները, անկախ ելքից, Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ էին ընդունել: Հատկանշական է, որ սա առաջին անկախության հանրաքվեն չէ Նոր Կալեդոնիայում: 1998թ.-ին ևս Փարիզի համաձայնությամբ անցկացվել է հանրաքվե, որի ժամանակ կրկին քվեարկողների մեծ մասը դեմ է արտահայտվել Ֆրանսիայից անկախացմանը: Եվ չնայած այդ հանրաքվեի արդյունքներին՝ որոշում է կայացվել, որ շրջանն իրավունք ունի ևս մեկ հանրաքվե անցակցնել 15-20 տարի անց, ինչը և տեղի ունեցավ օրեր առաջ:

Ըստ էության, արդեն երկու անգամ Նոր Կալեդոնիային անկախացման հանրաքվե անցկացնելու հնարավորություն ընձեռելը ցույց է տալիս, թե ինչպես ժողովուրդների ինքնորոշման հետ կապված հարցերը կարելի է լուծել ժողովրդավարական և օրինական ճանապարհով:

Փորձը ցույց է տալիս, որ ազատ կամարտահայտման իրավունքի իրացման նկատմամբ կիրառվող ճնշումները հանգեցնում են անկայուն իրավիճակների, բռնությունների՝ վերաճելով անգամ ռազմական հակամարտությունների: 2017թ.-ին Իրաքյան Քրդստանում և Կատալոնիայում տեղի ունեցած անկախացման հանրաքվեները, Բաղդադի և Մադրիդի ձեռնարկած կոշտ քայլերը, ինչպես նաև մինչ օրս պահպանվող լարվածությունը ասվածի ամենաթարմ օրինակներն են: Ցավոք, նույն այդ օրինակները որոշակիորեն ստվեր գցեցին նաև ինքնորոշման իրավունքի միջազգային ընկալումների վրա: Այս առումով նույնպես կարևոր է, որ Նոր Կալեդոնիան, իսկ ավելի վաղ՝ նաև Շոտլանդիան, դարձան այն օրինակները, որոնք կարող են ինչ-որ առումով դրական ազդել միջազգային հարաբերություններում ինքնորոշման իրավունքի ընկալումների վրա: Հիմնարար այդ իրավունքի իրացումը և դրա ճանաչումը միակ ժողովրդավար ճանապարհն է, որի միջոցով միայն կարող են լուծվել նմանատիպ հարցերը: Խոսքը վերաբերում է նաև Արցախին, որի ինքնորոշման իրավունքի իրացումը դեռևս ճանաչված չէ, ինչը սահմանափակում է այնտեղ ապրող մարդկանց իրավունքները և խոչընդոտում երկրի զարգացմանը:

Գրետա Ավետիսյան

Հայերեն

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շրջայց է կատարել «Թումո ստուդիոսում»

12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆ

Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածում նոյեմբերի 8-ին երթևեկության փոփոխություններ կլինեն

Գյումրիում անցկացվել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով համաժողովը

Նոյեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Սփյուռքը պետք է Հայաստանը դիտարկի նաև որպես բիզնես հնարավորությունների հարթակ. Պետրոս Ասթուրյան