Արթուր Ղազինյանը ճիշտ է համարում ԱԺ Կանոնակարգ օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու ՀՀ նախագահի քայլը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանադրության պահանջներին «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի համապատասխանության հարցը որոշելու համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարան դիմելը ճիշտ քայլ էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը: Նրա խոսքով՝ ՀՀ նախագահի քայլը սպասելի էր, քանի որ օրենքը պարունակում է որոշակի խնդիրներ սահմանադրականության և իրավական որոշակիության առումով:

«Այլ լուծում պարզապես չկար, քանի որ եթե օրենքը գործողության մեջ մտներ, ապա այն փաստացի կսահմանափակեր սահմանադրական դրույթի գործողության հնարավորությունը: Մասնավորապես, սահմանադրականության խնդիրն այն է, որ ՀՀ սահմանադրությամբ նշված է, որ 7-օրյա ժամկետում պետք է կայանա ընտրություն, մինչդեռ այս օրենքի գործողության մեջ մտնելու արդյունքում արհեստական խոչընդոտ կստեղծվի՝ 7-օրյա ժամկետի ձգձգմամբ: Սա իրականում խնդիր է, որի հետ կապված պետք է պարզաբանում ներկայացնի Սահմանադրական դատարանը»,- ասաց Արթուր Ղազինյանը:

Անդրադառնալով իրավական որոշակիության հարցին՝ Արթուր Ղազինյանը նշեց, որ նախ պետք է հստակեցվի, թե ինչ է նշանակում կամքից անկախ պատճառներով: Դա կարող է լինել բնական պատճառ, ասենք՝ աղետ, ճանապարհային երթևեկության խցանում:

«Կարող է լինել նաև մարդու հետ պատահած ինչ-որ անձնական հարց՝ դրական թե բացասական, որի պատճառով չի կարողացել պատգամավորը ներկայանալ: Արդյունքում՝ նիստը չի կայացել, դա նշանակում է ի՞նչ. այդ մարդու անձնական խնդիրը դառնում է պատճառ, որ այդ 7-օրյա սահմանդրական նորմը չգործի՞: Դրան գումարվում է նաև այն հանգամանքը, թե ինչպես ընդունվեց նախագիծը, ինչ միջավայրում, ինչ պայմաններով, ինչ մթնոլորտում, ինչպես որակվեց: Այդ ամենի հետևանքով ժողովրդական հուզումներ առաջացան, ինչը, բնականաբար, որոշակի զայրույթ առաջացրեց և արդարության պահանջ ձևավորեց նախագահի առաջ»,- ընդգծեց Արթուր Ղազինյանը:

ՀՀ նախագահը, գործելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններով, դառնալով Սահմանադրության պահպանման երաշխավորը, ըստ Արթուր Ղազինյանի, իրականացրեց իր սահմանադրական գործառույթը՝ ճգնաժամը հանգուցալուծելու սահմանադրաիրավական մեխանիզմներով:

«Այլ լուծում դա չուներ, քանի որ օրենքով փաստացի սահմանափակվում էր սահմանադրական դրույթի գործողության հնարավորությունը: Սա խնդիր է, որը չպետք է լինի ոչ մի օրենքի մեջ, քանի որ Սահմանադրությունը գլխավոր իրավական փաստաթուղթն է: Այս պարագայում Ազգային ժողովը մի փոքր շտապեց, առկա էր քաղաքական մեծ բաղադրիչ, ինչն էլ հանգեցրեց նման բարդ իրավիճակի»,-հավելեց նա:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հոկտեմբերի 23-ին հայտարարություն էր տարածել ԱԺ 2018թ. հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի վերաբերյալ: Ըստ դրա՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԱԺ Կանոնակարգ օրենքի սահմանադրականության հարցով կդիմի ՍԴ:

Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ 67 կողմ ձայներով ընդունել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին վիճահարույց օրենքի նախագիծը, որի քվեարկությունն անցավ առանց էլեկտրոնային եղանակի, պատգամավորները քվեարկել էին ձեռքով: Նախագծի համաձայն՝ Ազգային ժողովի նիստերը չեն համարվի կայացած, եթե արտաքին խոչընդոտներով պայմանավորված պատգամավորները չեն կարողանա մասնակցել նիստին: Նախագծով նշվում է, որ այդ դեպքում նիստը կհամարվի ընդհատված և կշարունակվի այն ժամանակ, երբ խոչընդոտները կվերանան: Նախագծի ընդունումից հետո Նիկոլ Փաշինյանը դիմեց քաղաքացիներին և կոչ արեց հավաքվել Ազգային ժողովի մոտ՝ բողոքի ցույց անցկացնելու համար:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում