Մշակույթ

Դուդուկի, «Դլե յաման»-ի և Կոմիաստի հնչյունների ներքո Ստամբուլում վերջին հրաժեշտն են տվել Արա Գյուլերին

2 րոպեի ընթերցում

Դուդուկի, «Դլե յաման»-ի և Կոմիաստի հնչյունների ներքո Ստամբուլում վերջին հրաժեշտն են տվել Արա Գյուլերին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Ստամբուլում վերջին հրաժեշտն են տվել պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերին, ով կյանքից հեռացել է հոկտեմբերի 17-ին՝ 90 տարեկանում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ակօս» պարբերականը, Գյուլերի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասի Երեք խորան հայկական եկեղեցում:

Գյուլերի դին եկեղեցուց դուրս են բերել հայկական դուդուկի,«Դլե յաման»-ի և Կոմիաստի հնչյունների ներքո՝ ծածկված թուրքական դրոշով: Պոլսահայ լուսանկարիչը հուղարկավորվել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը:

Գյուլերի հուղարկավորությանը ներկա են գտնվել հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ, բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ, մտավորականներ, երկրպագուներ ու լրատվամիջոցների հարյուրավոր ներկայացուցիչներ:

«Ստամբուլի աչք» անունով հայտնի հայազգի լեգենդար լուսանկարչի մահվան պատճառն էր սրտի անբավարարությունը:

Պոլսահայ լուսանկարչի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշել, որ տասնամյակներ շարունակ Գյուլերի խորաթափանց աչքը տեսել և արձանագրել է պատկերներ, որոնք նոր մակարդակի բարձրացրին համաշխարհային լուսանկարչական արվեստը։

Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական հեռագրում նշել է, որ նա կշարունակի ապրել իր թողած ստեղծագործություններով և հավելել, որ Գյուլերն «իր օբյեկտիվով պատմությունն է գրել»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում