Հասարակական

Տիգրան Ավինյանը և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահը քննարկելու են Ալավերդու պղնձաձուլարանի փակման խնդիրը

2 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահը քննարկելու են Ալավերդու պղնձաձուլարանի փակման խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ընդունել է Ալավերդու պղնձաձուլարանի մի խումբ աշխատակիցների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակից, հանդիպման ընթացքում պղնձաձուլարանի աշխատակիցները նշել են, որ գործարանի հավանական փակման դեպքում շուրջ 630 աշխատակիցներ կկորցնեն աշխատանքը, ինչը կհանգեցնի Ալավերդի քաղաքում սոցիալական վիճակի կտրուկ վատթարեցմանը: Աշխատակիցների հիմնական պահանջն է եղել ապահովվել պղնձաձուլարանի հետագա աշխատանքը՝ անկախ դրա պատկանելիության հարցից:

Վարագ Սիսեռյանը նշել է, որ Տիգրան Ավինյանի գրասենյակը անընդհատ կապի մեջ է պղնձաձուլարանի ղեկավարության հետ և այժմ լուծումներ են փնտրվում՝ գործարանի աշխատանքը չդադարեցնելու նպատակով: Երկուշաբթի նախատեսվում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը, որի արդյունքում ակնկալվում է, որ հստակ կլինի թե որ ուղղությամբ են հետագա աշխատանքները տարվելու:

Վարագ Սիսեռյանը նաև հավելել է, որ անկախ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից, անհրաժեշտ է աշխատանքներ տանել նոր ներդրումներ ներգրավվելու և հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ, որոնք կբերեն աշխատատեղերի ստեղծմանը և մարզերի, քաղաքային և գյուղական համայնքների կայուն զարգացմանը:

Ալավերդուպղնձաձուլական գործարանը հոկտեմբերի 19-ինդադարեցրել է գործունեությունը, իսկ առանց աշխատանքի մնացած քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացնում: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Սուսան Լալայանը:

«Աշխատակիցները գործարանի փակման դեմ բողոքի ցույց են իրականացնում: Գործարանին հարակից ճանապարհն են փակել: Աշխատակիցները բողոքում են, որ իրենց աշխատանքից պետք է զրկվեն»,- ասաց Լալայանը:

Գործարանի աշխատակիցները փակել էին Ալավերդու միջպետական ճանապարհը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում