ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին ժամը 12:00-ին Երևանի քաղաքապետարանում հրավիրված Երևանի ավագանու նիստում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին նորընտիր ավագանու անդրանիկ նիստին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը: Նրա խոսքով`նիստին մասնակցելու համար հրավիրվել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական և հասարակական, մշակութային, եկեղեցական գործիչներ, պատվավոր հյուրեր:
Ավագանու առաջին նիստի ժամանակ ձևավորվեց հաշվիչ հանձնաժողովի կազմը: «Իմ քայլը» դաշինքից ընտրվեց Էդուարդ Ավետիսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Մարկոս Հարությունյանը, «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը: