Տնտեսություն

Զբոսաշրջիկների համար ամենաառաջին գրավչությունը շարունակում է մնալ պատմամշակութային ժառանգությունը. Հռիփսիմե Գրիգորյան

2 րոպեի ընթերցում

Զբոսաշրջիկների համար ամենաառաջին գրավչությունը շարունակում է մնալ պատմամշակութային ժառանգությունը. Հռիփսիմե Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում զբոսաշրջիկների համար ամենաառաջին և ամենամեծ գրավչությունը շարունակում է մնալ պատմամշակութային ժառանգությունը:

Զբոսաշրջության համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված «Ժամանակակից տեխնոլոգիաները և զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով կլոր-սեղան քննարկմանն «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ոլորտում խնդիրներ և անելիքներ կան, բայց և այնպես Հայաստանը բավական լավ համբավ ունի: «Մենք պետք է բազմազանեցնենք մեր տուր- պրոդուկտը, որպեսզի երբ ասում ենք պատմություն և մշակույթ ոչ թե հասկանանք միայն վանական համալիրը, այլ այս ամբողջ ճանապարհին ընկած բոլոր արժեքներն ու գրավչությունները»,-ասաց կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ Հայաստանում հեռանկարային են համարվում նաև գաստրոտուրիզմը, էկոտուրիզմը, քայլարշավները, կինոտուրիզմը:

Հռիփսիմե Գրիգորյանը զբոսաշրջության հեռանկարը տեսնում է կայուն զարգացման մեջ: «Պետք է վերահսկելի դարձնել զբոսաշրջային հոսքերը: Հնարավորինս անհրաժեշտ է ապակենտրոնացնել և ընդգրկելի դարձնել հանրապետության բոլոր մարզերն ու համայնքները»,-ասաց նա:

Կլոր-սեղան քննարկումը կազմակերպել էին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը և Տուրիզմի հայկական ֆեդերացիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում