Սպորտ

Շախմատի տղամարդկանց հավաքականի երկրորդ մրցակիցը Ղազախստանն է 

2 րոպեի ընթերցում

Շախմատի տղամարդկանց հավաքականի երկրորդ մրցակիցը Ղազախստանն է 

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց թիմերի մրցակիցները օլիմպիադայի 2-րդ տուրում հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց ընտրանու հաջորդ մրցակիցը Ղազախստանն է: Իսկ կանանց թիմն ուժերը կչափի Ավստրիայի հավաքականի հետ:

Տղամարդկանց մրցաշարի երկրորդ տուրի ֆավորիտ թիմերը կազմել են հետևյալ զույգերը` Վրաստան-ԱՄՆ, Ռուսաստան-Իռլանդիա, Հնդկաստան-Լյուքսեմբուրգ:

Տղամարդկանց առաջնությանը հաղթողի տիտղոսի համար կպայքարի 185 հավաքական: Մրցաշարում առաջին դասակարգվածը գործող չեմպիոն ԱՄՆ-ի հավաքականն է, որի կազմում հանդես են գալու Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Սամուել Շանկլանդը և Ռեյ Ռոբսոնը: Մրցաշարում երկրորդ ամենաբարձր գործակիցն ունի Ռուսաստանի ընտրանին, որի կազմում հանդես են գալիս Սերգեյ Կարյակինը, Յան Նեպոմնյաշչին, Վլադիմիր Կրամնիկը, Նիկիտա Վիտյուգովը և Դմիտրի Յակովենկոն: Գործակցով երրորդն է Չինաստանի հավաքականը՝ Դին Լիժեն, Յու Յանգի, Վեյ Յի, Բու Սիանջի, Լի Չաո կազմով:

Օլիմպիադայում 4-րդ անգամ կփորձի չեմպիոնի կոչումը նվաճել Հայաստանի հավաքականը: Մեր թիմի կազմում Բաթում են մեկնել Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը: Թիմի գլխավոր մարզիչն է Արշակ Պետրոսյանը:

Օլիմպիադային ուժեղ կազմերով են ներկայացել նաև Հնդկաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Անգլիայի և Իսրայելի թիմերը:

Կանանց մրցաշարում առաջին դասակարգվածն է Ռուսաստանի հավաքականը: Թիմի կազմում հանդես են գալու Ալեքսանդրա Կոստենյուկը, Ալեքսանդրա Գորյաչկինան, Վալենտինա Գունինան, Նատալյա Պոգոնինան և Օլգա Գիրյան: Առաջնությունում 2-րդը գործակցով Ուկրաինան է, իսկ 3-րդը՝ Չինաստանը:

Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի հետևյալ կազմով՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Մարիա Կուրսովա և Սիրանուշ Ղուկասյան: Թիմի գլխավոր մարզիչն է Արթուր Չիբուխչյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում