Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը անկախության տոնը համարում է նոր առիթ ավելի հզորանալու համար
1 րոպեի ընթերցում
![Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը անկախության տոնը համարում է նոր առիթ ավելի հզորանալու համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/09/948051.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը շնորհավորել է անկախության տոնի կապակցությամբ:
«Շնորհավորում եմ ամենքիս Հայաստանի անկախության 27-ամյակի կապակցությամբ: Թող Աստված օրհնի այս օրը և Հայաստանը, որ մեր երկիրն ավելի հզորանա, ճշմարտացի դառնա, ավելի հանճարեղ, զորեղ և անվախ մարդիկ լույս աշխարհ գան: Դառնանք ավելի հավատքով, քանի որ միայն Աստված է պահպանում մեզ: Պետք է ամեն մի քաղաքացի կարողանա ինչ-որ չափով ավելի լավը դարձնել Հայաստանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Բաչկովը:
Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 27-րդ տարեդարձը: 27 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95,5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն: