Շատինում համայնքապետի գործունեությանը ոչ ոք չի խոչընդոտում. բնակիչները խոստացել են ազատել համայնքապետարանի շենքը շրջափակումից
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց Ձորի մարզի Շատին համայնքում հանրային լսումներ կկազմակերպվեն՝ քննարկելու Տարածքային զարգացման հիմնադրամի տրամադրած միջոցներով մանկապարտեզ կամ վարչական շենք կառուցելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարածքային կառավարման և զարգացման ոլորտի ընթացիկ և նախատեսվող ծրագրերին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա նշեց, որ Եղեգիսի համայնքապետարան իր այցի շրջանակներում պարզել է, որ շենքը խարխուլ է և այնտեղ հնարավոր չէ որևէ գործունեություն իրականացնել: « Համայնքապետը հաշվի առնելով շենքի պայմանները, մեզ դիմեց խոշորացված համայնքներից որևէ մեկում գործունեություն ծավալելու համար, ինչն էլ առաջացրեց շատինցիների զայրույթը»,-ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ Շատին համայնքում խնդիրը սկսվել է 8 ամիս առաջ, երբ խոշորացվող համայնքի մի շարք բնակավայրերի բնակիչներ չեն ընդունել խոշորացման գործընթացը, սկսվել է պայքար, թե որ համայնքը պետք է լինի կենտրոն, բախում է եղել, այնուհետև պետական կառավարման տարբեր մարմինների միջամտությամբ եկել ենք այն եզրակացության, որ պետք է ընտրություններ կայանան, որոնց արդյունքում պարտվել է Շատին համայնքի համայնքապետը և որպես խոշորացված համայնքի կենտրոն նշանակվել է Եղեգիս համայնքը:
Անդրադառնալով Շատինում լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին հարցին՝ Պապիկյանն ասաց, որ Վայոց Ձորի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
Նա հավաստիացրեց, որ այս պահին Շատինի համայնքապետարանի և համայնքապետի գործունեությանը ոչ ոք չի խոչընդոտում, պարզապես կան մի խումբ քաղաքացիներ, ովքեր համայնքին պատկանող շենքը շրջապատել են, բայց խոստացել են այն 10 օրյա ժամկետում ազատել շրջափակումից: