Պրոֆեսոր Ֆայվուշի կարծիքով, Ամուլսարի տարածքում ոչնչացող բույսեր չեն աճում

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի, երկրաբուսաբանության բաժնի վարիչ Գեորգի Ֆայվուշը վստահ է, որ Ամուլսարի այն վայրերում, որտեղ պետք է իրականացվեն հորատման աշխատանքները, «Կարմիր գրքում» գրանցված որևէ բույս այս պահին չկա: Այնտեղ աճել է մատնունի ծիրանավոր տեսակի բույսը, սակայն դրանք տեղափոխել և վերատնկել են այլ վայրում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կենս. գիտ. դոկտոր պրոֆեսոր Ֆայվուշը 2011 թվականից զբաղվում է Ամուլսարի տարածքի ուսումնասիրությամբ: Ոչ բարենպաստ եղանակի պատճառով հետազոտական աշխատանքները սկսվել են 2012 թվականի գարնան, ամռան ամիսներին:

«Մինչև դաշտային ուսումնասիրություններ սկսելը մենք նայեցինք մեր մեծ հերբարիումը, որտեղ հավաքված էին բույսեր Հայաստանի ողջ տարածքից: Ստուգեցինք և տեսանք, որ Ամուլսարի տարածքում չկան, չեն աճում հազվագյուտ բույսեր, որոնք գրանցված են «Կարմիր գրքում»: Ձմռանը տվեցինք մեր նախնական եզրակացությունը. «Գրականությունից և հերբարիումից Ամուլսարի տարածքում ոչ մի տվյալ չկա, և անհրաժեշտ է իրականացնել այդ տարածքում լիակատար և բազմակողմանի հետազոտություններ բուսաբանական տեսանկյունից»: 2012 թ. գարնան, ամռան ամիսներին սկսեցինք իրականացնել այդ աշխատանքները: Երեք տարի անընդմեջ՝ 2012-2014 թթ. տարվա բոլոր վեգետացիոնշրջաններին, մենք այնտեղ ենք եղել»,- ասում է Գեորգի Ֆայվուշը:

Պրոֆեսորը նշում է, որ մինչև իր խմբի Ամուլսար գնալը, այնտեղ արդեն աշխատում էր Հայկական բուսաբանական ընկերության նախագահ, Բուսաբանության ինստիտուտի աշխատակից, կենս. գիտ. դոկտոր պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանը: Նրա գործընկերներն արդեն գտել էին բույսի մի տեսակ, որը գրանցված էր «Կարմիր գրքում»: «Մենք մանրամասնորեն հետաքրքրվեցինք այդ բույսով, նայեցինք, թե որտեղ և ինչպես է այն աճում: Բույսը՝ մատնունի ծիրանավորն է: Այդ հանգամանքը խոչընդոտ հանդիսացավ, քանի որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը չէր կարող շարունակել աշխատանքները. ըստ օրենքի՝ այդ դեպքում այլևս չի կարելի աշխատել այդ տարածքում»,- պատմում է Ֆայվուշը:

Այնուհետև «Լիդիան Արմենիա» ընկերությունը սկսել է մշակել մի ծրագիր այդ բույսի՝ մատնունի ծիրանավորի պահպանման համար: Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ մատնունի ծիրանավորը այս տարածքում ունի մոտավորապես 5 000 առանձնյակ: Դա շատ փոքր բույս է՝ ունի փոքր, վարդագույն ծաղիկ, աճում է բարձրլեռնային կլիմայական պայմաններում՝ քարքարոտ լանջերին և քարացրոններում: Հետազոտությունների արդյունքում պարզվում է՝ այն տարածքում, որտեղ պետք է «Լիդիան Արմենիա» ընկերությունը աշխատանքներ ծավալի, աճում է մատնունի ծիրանավորի մոտավորապես 2 000 առանձնյակ:

«Մեր Կառավարության կողմից հատուկ որոշում ընդունվեց, ըստ որի թույլտվություն տրվեց «Կարմիր գրքում» գրանցված բույսերը տեղափոխվել պահպանվող տարածք կամ բուսաբանական այգիներ և այնտեղ հատկացնել մատնունի ծիրանավորի համար տարածք: Ընտրվեց Երևանի բուսաբանական այգու մասնաճյուղը Սևանում: Այնտեղ կառուցեցին ոչ մեծ ջերմատուն և բացօթյա ռոկար՝ ժայռերի այգի ստեղծելով բոլոր բնական պայմանները հատուկ այդ ծաղկի տեսակի համար և մոտ 2 000 առանձնյակ տեղափոխեցին Ամուլսարի տարածքից Սևանի բուսաբանական այգի»,- նշում է պրոֆեսոր Գեորգի Ֆայվուշը: Նա հավելում է նաև, որ այդ ծրագիրը շատ հաջող է զարգանում, և տեղափոխված առանձնյակների 90 տոկոսը 2013 թ. վերջից արդեն հարմարվել է նոր պայմաններին, անգամ ծաղկում, սերմեր է տալիս: Նա կարևորում է, որ երբ 15-20 տարի հետո Ամուլսարում ավարտվեն աշխատանքները, այդ բույսերը կտեղափոխվեն և կվերականգնվեն իրենց նախկին տարածքում:

Այն մասին, թե վերջին շրջանում բարձրաձայնվում է, որ Ամուլսարի տարածքում այս պահին էլ կան «Կարմիր գրքում» ընդգրկված բուսատեսակներ, պրոֆեսոր Ֆայվուշն ասաց՝ իր և իր գործընկերների մի շարք հետազոտություններ իրենց թույլ են տալիս հայտարարել, որ Ամուլսարի տարածքում չկա «Կարմիր գրքում» ընդգրկված բուսատեսակ, որին իրականացվող աշխատանքները կարողանան վնասել: Նման խոսակցություններ կան ապոլլո տեսակի թիթեռի և ոզնաթուփի վերաբերյալ: Պրոֆեսորը նշում է, որ Հայաստանում ոզնաթուփի շատ տեսակներ կան, դրանցից երեքն ընդգրկված են «Կարմիր գրքում», բայց ոչ մեկն այդտեղ չի աճում: Իսկ ինչ վերաբերում է ապոլլո տեսակի թիթեռին, ապա տեսչական այցի ընթացքում այդ նույն աշխատանքային խումբը, որի կազմում եղել են նաև կենդանաբաններ Վասիլ Անանյանը և Ալեքսանդր Մալխասյանը, բարձրացել էր Ամուլսար և մոտ 3 000 մետր բարձրության վրա Վասիլ Անանյանը տեսել և նկարել էր այդ թիթեռի մի նմուշ:

Վերահսկիչ խմբի ներկայացուցիչները ապոլլո թիթեռի վերաբերյալ իրենց պաշտոնական եզրակացությունը ներկայացրել են Բնապահպանության նախարարություն, ըստ որի պետք է դադարեցնել աշխատանքները, քանի որ հայտնաբերվել են երկու նոր էկոլոգիական գործոններ, խանգարող նոր հանգամանքներ հետագա աշխատանքների շարունակման համար: Բնապահպանության նախարարությունում որոշում են կայացնում, որ անհրաժեշտ է կրկին ստուգել՝ կան՞, արդյոք, ոզնաթուփ մեխակ և ապոլլո տեսակի թիթեռ Ամուլսարում: Գեորգի Ֆայվուշն ասում է, որ ՀՀ Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտեմ Թարզյանը լրացուցիչ հետազոտություն իրականացնելու համար հրավիրում է նաև կենսաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչ, «ՀՀ կարմիր գրքի» համահեղինակ, հատուկ արճճախոտազգիների ընտանիքի և ոզնաթուփ ցեղի մասնագետ Մարինե Հովհաննիսյանին, Կենդանաբանության ինստիտուտից՝ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության լաբորատորիայի վարիչ Մարկ Քալաշյանին և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանին և Մոսկվայի պետական համալսարանի մասնագետ Ալեքսանդր Դանչենկոյին:

Այդ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոզնաթուփի այն տեսակը (ոզնաթուփ Վեդիի), որը հայտնաբերվել է Ամուլսարում, «ՀՀ կարմիր գրքում» գրանցված բույս չէ, այլ կա միայն «ՀՀ կարմիր գրքի» հավելվածում՝ DD կատեգորիայում: Դա նշանակում է, որ տվյալ տեսակի, դրա բազմացման, տարածվածության, քանակի մասին տվյալները ոչ բավարար են: Այդ բույսը ոզնաթուփ Վեդիին է և ոչ թե Ոզնաթուփ մեխակին: Իսկ Ալեքսանդր Դանչենկոն, ով 37 տարի ամեն ամառ գալիս է Հայաստան և զբաղվում թիթեռներով, հանգում է այն եզրակացության, որ նման բարձրության վրա այդ թիթեռը չի կարող բազմանալ:

«Կարևորն այն տեղն է, որտեղ զարգանում է թրթուրը, և հայտնվում է նոր թիթեռը: Առաջին դեպքն էր, երբ Ամուլսարում տեսել են թիթեռ: Այդ թիթեռի թրթուրները ապրում են միայն մի բույսի տեսակի թերթիկների վրա: Դանչենկոյի խոսքով, Ամուլսարի գագաթին այդ հիմնական բույսից չկա»,-մանրամասնում է Ֆայվուշը:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում