Պաշտոնական

«Շանթ-2018». ՀՀ վարչապետը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

2 րոպեի ընթերցում

«Շանթ-2018». ՀՀ վարչապետը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ վարչապետ, ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրել է ՀՀ անվտանգության խորհրդի պայմանական նիստ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ներկայացրել է, ըստ զորավարժությունների սցենարի, Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող իրավիճակը, այնուհետև լսել Անվտանգության խորհրդի անդամների պայմանական զեկույցներն ու առաջարկությունները: Նիկոլ Փաշինյանը, զորավարժությունների սցենարով պայմանավորված, մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին:

Վարչապետն ընդգծել է «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության անցկացման կարևորությունը՝ խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի անցման իրավիճակում ՀՀ պետական մարմինների պատրաստվածության աստիճանը փորձարկելու, օպերատիվ և համակարգված աշխատելու համատեքստում:

Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում