ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժության սցենարի համաձայն՝ Զվարթնոց օդանավակայանում պայմանական պայթուցիկ սարք է հայտնաբերվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը:
«Քաղավիացիայից ժամը 10:24-ին ահազանգ ենք ստացել, որ ՌԴ քաղաքացու մոտ հայտնաբերվել է պայթուցիկ սարք: Այս մասին տեղեկացրել ենք ուժային կառույցների մեր գործընկերներին: Ժամը 10:35-ին դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման խումբը, մեկ մարտական հաշվարկ և ինժեներասակրավորական ջոկատը»,- ասաց Ասիլյանը:
ԱԻՆ ահազանգ է ստացվել նաև Արմավիրում հրդեհի բռնկման մասին:
«Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից ահազանգ ենք ստացել, որ Նորակերտ գյուղի գազաբաշխիչ կայանում հրդեհ է բռնկվել»,- նշեց Սաթենիկ Ասիլյանը:
Զորավարժությունների շրջանակում հանրապետությունում տիրող իրավիճակի վերաբերյալ տարբեր գերատեսչություններ պարբերաբար հանդես կգան մամուլի ասուլիսներով:
Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը: