ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ողջ տարածքում մեկնարկած «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում երկրում տիրող պայմանական իրավիճակը Արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է միջազգային կազմակերպություններին ու ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Նախարարության կողմից գրվում են հայտարարությունների տեքստեր, որոնք պայմանական կերպով ուղարկվում են տարբեր միջազգային կառույցների: Այնպիսի հայտարարություններ, որոնք կգրվեին իրական պատերազմական իրավիճակի դեպքում: Երեկ գիշերը ԱՄՆ-ում մեր երկրի դեսպանն է պայմանականորեն աշխատանքի կանչվել»,- ասաց նա:
Զորավարժությունների շրջանակում մշակվել են հայտարարությունների երկու տեքստեր՝ ՀՀ-ում տիրող իրավիճակի հետ կապված: Դեսպաններ են կանչվել նախարարություն, ովքեր տեղեկացվել են իրավիճակի սրման ու ՀՀ դիրքորոշման մասին: Պայմանական հայտարարության տեքստերից մեկն էլ կհրապարակվի Ֆրանկոֆոնիայի համաժողովի շրջանակում:
Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը: