ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության սցենարի համաձայն պայմանական հակառակորդը գործողություններ է սկսել սահմանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«14:00-ի դրությամբ, ըստ սցենարի, տարածաշրջանում սրվել է դրությունը, սահմանին կուտակումներ կան: Պայմանական հակառակորդն անցել է կտրուկ գործողությունների, երկու կողմից զոհեր ունենք: Հիմա որոշակի գործողություններ են ընթանում: Փախստականների մեծ հոսքի վտանգ կա, որի ընթացքում Հայաստան ահաբեկիչներ կարող են ներխուժել»,- ասաց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ զորավարժության ընթացքում լինելու են նաև այլ պայմանական աղետային իրավիճակներ:
Հանրապետությունում տիրող օպերատիվ իրավիճակի մասին ժամանակ առ ժամանակ կտեղեկացվի: Հաջորդ ճեպազրույցը տեղի կունենա 16:00-ին:
Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը: