ՀՅԴ-ն բաց ցուցակներով համամասնական ընտրակարգն առավել ժողովրդավարական է համարում

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 OԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրական օրենսգրքի բերեփոխումների նպատակով ստեղծված ԱԺ աշխատանքային խմբի առաջարկությունների փաթեթն արդեն Կառավարությունում է: 4 քաղաքական ուժերի առաջարկները գործադիրը կամփոփի և սեպտեմբերին կներկայացնի օրենսդիր մարմնին: Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ Դաշնակցության առաջարկների և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին հնարավոր մասնակցության մասին «Արմենպրես»-ը զրուցել էԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանիհետ:

-ՀՅԴ-ի կողմից ներկայացված 10 առաջարկների մեծ մասն ընդգրկվեց կառավարություն ուղարկված առաջարկությունների փաթեթում: Այս առումով քննարկումներից ձեր սպասելիքները կարելի° է արդարացված համարել:

-Չէի ասի, որ ամբողջությամբ, որովհետև կան առաջարկներ, որոնք դեռևս քննարկման ենթակա են, ավելի լայն արձագանքի կարիք ունեն, բայց հիմնականում գոհ ենք արդյունքներից: Իհարկե, այնպես չէ, որ մեր ներկայացրած փաթեթն ամբողջությամբ պետք է ընդունվի կառավարության կողմից, բայց, եթե որևէ կետ չի ընդունվում, ապա պետք է ամենայն մանրամասնությամբ հիմնավորվի: Բնականաբար, պետք է համաձայնեցնել նաև կառավարության մոտեցումներն ու ստանալ մեկ ամբողջական փաթեթ: Ի վերջո, բոլորիս նպատակն այս պահի դրությամբ լավագույն ընտրական օրենսգիրք ունենալն է:

-Դաշնակցությունն ու Հանրապետականն առաջարկում են ամրագրել բաց ցուցակներով համամասնական ընտրակարգը: Ո°րն է դրա առավելությունը փակ ցուցակների նկատմամբ:

-100%-անոց բաց համամասնական ցուցակներն ավելի ժողովրդավարական են: Եթե խոսում ենք ժողովրդավարության կայացման մասին, ապա պետք չէ մոռանալ ներկուսակցական ժողովրդավարությունը: Բաց ցուցակներն առավել նպաստավոր են թե՛ մասնակցային, թե՛ ներկուսակցական ժողովրդավարության կայացման առումով: Բնականաբար, ընտրողն իր քվեն տալով այս կամ այն կուսակցությանը, պետք է իրավունք ունենա ընտրելու նաև կուսակցության իր նախընտրած ներկայացուցչին:

-Փակ ցուցակների կողմնակիցներն ասում են, որ քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ հնարավոր է՝ որևէ թեկնածու իր կուսակից ընկերոջ քվեաթերթիկներն իր անվան դիմաց դնի: Այսպիսի ռիսկ չե°ք տեսնում:

-Թե ինչքանով է հնարավոր, որ կուսակցական մի ընկեր փորձի վերցնել իր կուսակից ընկերոջ ձայները, մեխանիզմի խնդիր է: Պետք է ստեղծել այնպիսի մեխանիզմ, որ այդպիսի դեպքերը հնարավորինս նվազեցվեն: Երբեք հնարավոր չէ դրանք բացառել, որովհետև ինչպիսի մեխանիզմ էլ ներդրվի, կարող է ունենալ շրջանցելու տարբերակ: Այստեղ առաջնային է գաղափարը՝ արդյոք մենք ուզո՞ւմ ենք կայացնել մասնակցային ու ներկուսակցական ժողովրդավարությունը: Եթե մեխանիզմների ստեղծման առումով դժվարություններ ունենք, չի նշանակում, որ պետք է հրաժարվենք գաղափարից: Ավելի լավ է՝ սկսենք աշխատել այդ մեխանիզմները ճիշտ ձևակերպելու ուղղությամբ:

-ՀՅԴ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նախընտրելի ժամանակահատված ունի°:

-Մենք պետք է կարևորենք ընտրությունների անցկացման նպատակը: Եթե գնում ենք ընտրությունների միայն իշխանափոխության՝ մի կուսակցությունից քաղաքական մենաշնորհը վերցնելու և մյուսին տալու համար, ապա դրանից կյանքի որակի փոփոխություն դեպի լավը չի լինի: Մեր խնդիրն այնպիսի տնտեսության ստեղծումն է, որի շնորհիվ մարդիկ լավ կապրեն: Քանի որ ընտրական օրենսգրքի արդյունքում ընտրված ԱԺ-ն և կառավարությունը պետք է իրականացնեն այն փոփոխությունները, արտահերթ ընտրությունների պետք է գնալ այն ժամանակ, երբ կունենանք լավ ընտրական օրենսգիրք:

-Բազմաթիվ ակտիվ և ոչ ակտիվ քաղաքական ուժեր արդեն հայտարարում են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին իրենց մասնակցության մասին: ՀՅԴ ԳՄ-ն այս ընտրությունների մասնակցության և ձևաչափի հարց քննարկե°լ է:

-Մեր Գերագույն մարմինն առաջիկայում կկայացնի որոշում: Ամենայն հավանականությամբ կմասնակցենք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Եթե մասնակցենք, ապա մասնակցելու ենք միայն հաղթելու համար, ներկայացնելու ենք շատ լավ ծրագիր և առողջ թիմ, որն ի զորու կլինի այդ ծրագիրը կյանքի կոչել: ՀՅԴ-ի մասնակցության դեպքում մեր թեկնածուն լինելու է այնպիսին, որ իր հետևից շատ երևանցիների է տանելու ու նախընտրական ծրագրով շատերին է համոզելու: Դաշինքով մասնակցության հարց դաշնակցությունը երբևէ չի քննարկել: Ընտրություններին միշտ մասնակցել ենք միայնակ, ամենայն հավանականությամբ, այդպես կլինի նաև այս դեպքում:

- Ի°նչ դիրքորոշում ունեք ավագանու ընտրություններին մասնակցության ցանկություն հայտնած քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջին համարների վերաբերյալ:

-Մենք բոլոր կուսակցությունների ցուցակներում ընդգրկվելիք առաջին անձին նայում ենք որպես մրցակցի: Թե ով ինչ հեղինակություն ունի, ինչ ձայներ է ստանալու, դա տվյալ կուսակցության խնդիրն է: Անընդհատ խոսում ենք քաղաքապետի թեկնածուի մասին, բայց չպետք է մոռանանք, որ Երևանի ավագանու ընտրությունները ՏԻՄ ընտրություններ են, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններում որոշում կայացնողն ամենևին էլ քաղաքապետը չէ, ավագանին է, և շատ կարևոր է այն թիմը, որով հանդես է գալիս այդ կուսակցությունը: Քաղաքապետն ընդամենը այդ ընտրված անդամներից մեկն է, ով պարտավոր է իրականացնել ավագանու որոշումները:

Հարցազրույցը վարեց

Նորայր Շողիկյանը

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում