Սփյուռքի նախարարն ամփոփել է պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված աշխատանքները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ամփոփել է նախարարի պաշտոնում իր գործունեության 100 օրը:

«Արմենպրես»-ը, ներկայացնում է Մխիթար Հայրապետյանի աշխատանքային 100-օրվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքները.

Մայիսի 30-ին ՀՀ պատվիրակության կազմում Մխիթար Հայրապետյանը երկօրյա այցով մեկնել է Թբիլիսի: Կլոր սեղանի շուրջ Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության հետ քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման շուրջ բազմաթիվ կարևոր հարցեր, որոնցից մի քանիսի վերաբերյալ արդեն իսկ տեղում որոշ համաձայնություններ են ձեռք բերվել: Պատվիրակությունը հյուրընկալվել է նաև նախագահական նստավայրում: Հանդիպում է եղել Վրաստանի մշակույթի նախարարի և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի դերասանների հետ: Այցի շրջանակում ծանոթացել են թատրոնի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջնորդությամբ այցելել են նաև Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոն:

Նախարարությունն իրականացրել է «Արի տուն-2018» անցումային ծրագիրը: Նախարարի որոշմամբ առաջին անգամ սփյուռքի նախարարությունը սկսել է համագործակցել մասնավոր սեկտորի հետ՝ ծրագրում ներգրավելով տարբեր կազմակեպությունների:

«Ոսկե ծիրան» XV հոբելյանական միջազգային կինոփառատոնի շրջանակում՝ հուլիսի 15-ին, նախարարը հանձնել է հատուկ մրցանակ: Առաջին մրցանակակիրը դարձել է ֆրանսահայ տաղանդավոր ռեժիսոր Առնո Խայաջանյանը՝ «Մենք ենք, մեր սարերը» վավերագրական ֆիլմով:

Հուլիսի 24-ին տեսազանգի միջոցով նախարարը ուղիղ կապ է հաստատել ԱՄՆ-ում կայացած Հոմենթմենի երիտասարդական ֆորումին, հանդես եկել ելույթով ու պատասխանել ներկաներին հուզող մի քանի հարցերի: Ֆորումը կրում էր «Ընդլայնելով ապագայի հնարավորությունները. քո քայլն ավելի հզոր Հայաստանի համար անվանումը»:

Հուլիսի 24-ին նախարարը հրապարակել է Սփյուռքի նախարարության նոր տարբերանշանը՝ լոգոն, որի հեղինակը ցանկացել է մնալ անհայտ և լոգոն նվիրել է նախարարությանը:

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 24-27-ը պաշտոնական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն, հանդիպում ունեցել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Կիպրոս-Հայաստան բարեկամական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելուն ուղղված քայլեր:

Նախարարը հանդիպում է ունեցել Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրում բնակվող կիպրացիների հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հետ: Նախարարը մասնակցել է Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ հանդիպմանը, որին մասնակցում էր Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը: Կողմերը համաձայնության են եկել համատեղ անցկացնել մի քանի ծրագիր, որոնցում ներգրավված են հիմնականում երիտասարդները:

Այցի ընթացքում նախարարը հանդիպել է նաև Եգիպտոսի ներգաղթի նախարար Նաբիլա Մաքրամի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ անցկացնելու քառակողմ հանդիպում Հայաստան-Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս ձևաչափով:

Այցի շրջանակում նախարարը հանդիպել է ԿՀ-ում հայազգի պատգամավոր Վարդգես Մահտեսյանին, վերջինիս հետ քննարկել կիպրահայերին հուզող հարցեր, ապա հանդիպել տեղի հայ համայնքի հետ: Նախարարն այցելել է նաև Մելքոնյան կրթական ինստիտուտ, ծանոթացել խնդիրներին՝ լսելով և՛ ՀԲԸՄ դիրքորոշումը, և՛ ինստիտուտը ավարտած սաներին:

Հուլիսի 28-ից օգոստոս 7-ը նախարարն աշխատանքային այցով եղել է ԱՄՆ-ում, հանդիպել Լոս Անջելեսի, Նյու Յորքի և Բոստոնի հայ համայնքների, կուսակցությունների, միությունների հետ: Հանդիպումների ժամանակ նախարարը պատասխանել է տեղի հայերին հուզող հարցերին, լսել նրանց մտահոգությունները:

Նախարարությունն իրականացրել է «Քայլ դեպի տուն-2018» ուսումնաճանաչողական ծրագիրը, որն այս տարի անցկացվել է առաջին անգամ, միաժամանակ ընդունել է 440 սփյուռքահայ երիտասարդի ու պատանիների: Այս անգամ ևս նախարարը որոշել է համագործակցել մասնավոր սեկտորի հետ՝ ծրագրում ներգրավելով Հայ-ռուսական համալսարանը, «Teach for Armenia» և «Birthright Armenia» հիմնադրամները, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և այլ կազմակերպություններ: Ծրագրի շրջանակում նախարարը մի քանի անգամ հանդիպել է մասնակիցների հետ:

Ներկայումս նախարարի գլխավորությամբ աշխատակազմը աշխատում է «ՆերՈւժ» ծրագրի վրա: «Սփյուռքի նախարարությունը FAST և IDEA հիմնադրամների, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC) , Impact Hub Yerevan-ի և Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ մեկնարկում է «ՆերՈւԺ» ծրագիրը:

Հայերեն

Գավառի պետական համալսարանը հյուրընկալել է արտերկրի հեղինակավոր բուհերի դասախոսներին

Չլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա. ՊԵԿ

Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Դատախազություն

Պորտսմութում միգրանտների դեմ բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների

Սահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հայտարարություն են տարածել

Իրանի ԱԳ նախարարությունը մեղադրել է ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի ապակայունացման համար

ՄԱԿ-ում հայտարարել են ՌԴ-Ուկրաինա բանակցությունների կազմակերպման ջանքերին աջակցելու մասին

Չինաստանի ութ պետական ֆինանսական կառույց շուրջ 54 մլն դոլարի կապիտալ կստանան՝ ռիսկերի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով

Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. կան հոսպիտալացվածներ

Հանրային տրանսպորտում վալիդացիաների ավելացումը մեղմել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական բեռը. Ավինյան