Հասարակական

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության կոմիտե է այցելել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի ուղեկցությամբ փոխվարչապետը շրջել է աշխատասենյակներում, ծանոթացել քաղաքաշինական քաղաքականություն վարող մարմնի տարբեր ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀքաղաքաշինության կոմիտեից,շրջայցն ավարտելուց հետո ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հետ քննարկել է ոլորտի մի շարք հիմնախնդիրներ, խոսել դրանց լուծման ուղիների մասին:

Կառուցապատման նպատակով տրամադրվող թույլտվությունների էլեկտրոնային համակարգ ներդնելը մեկն է այն հարցերից, որի լուծման համար հարկավոր են որոշակի նախապայմաններ՝ այլ մարմինների տվյալների բազաների հետ ինտեգրում և դրա շնորհիվ փաստաթղթերի նույնականացում, գործող համակարգի արդիականացում և այլն:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը փոխվարչապետին ներկայացրել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նորարարական շինարարական տեխնոլոգիա է կիրառվելու: Նշված մեթոդով մինչև դեկտեմբերի 7-ը կառուցված ցուցադրական տունն իրականացվելու է էներգախնայող տեխնոլոգիաներով, որից հետո քննարկվելու է աղետի գոտու տարբեր բնակավայրերում մնացած տները նույն եղանակով կառուցելու հարցը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, կարևորելով Քաղաքաշինության կոմիտեի դերն ու նշանակությունը, վստահություն է հայտնել, որ առաջիկայում կառույցի գործունեության հետևանքով լուրջ արդյունքներ են արձանագրվելու և ներկայացված բոլոր ծրագրերը նպաստելու են մեր երկրի շենացմանն ու բարգավաճմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում