Սպորտ

Արթուր Գևորգյանը բռնցքամարտի ֆեդերացիայում նորարարությունների կողմնակից է 

2 րոպեի ընթերցում

Արթուր Գևորգյանը բռնցքամարտի ֆեդերացիայում նորարարությունների կողմնակից է 

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի կարծիքով, ֆեդերացիայում ամեն նորարարություն խիստ քննադատության է արժանանում:

«Ես ժամանակավորապես դադարեցրեցի իմ գործունեությունը ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, որպեսզի այդ կերպ ավելացնեմ ֆեդերացիայի նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվել ցանկացողների մրցակցային հավասար պայմաններ ունենալու հնարավորությունները: Հայտնվեց միայն մեկ անձ, ով պատրաստ էր ֆեդերացիայում ներդրումներ անելու: Ցավոք, իմ կարծիքով, նա չէր կարող ընտրվել. ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը կարող է ստանձնել միայն ՀՀ քաղաքացին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արթուր Գևորգյանը:

Նա շեշտեց, որ, անկախ ամեն ինչից, ֆեդերացիան պատրաստ է համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր դրա ցանկությունն ունեն: Խոսելով այն մասին, որ քվեարկության ընթացքում ոչ մեկը դեմ չի քվեարկել, սակայն մի շարք դժգոհողներ կային, Գևորգյանը փաստեց. «Մենք մեծ ընտանիք ենք: Ֆեդերացիայում այնպես չէ, որ մեկն ինչ-որ բան ասում է, իսկ մյուսները համաձայնում են: Խնդիրներ կան, մարդիկ տարբեր կարծիքներ ունեն և արտահայտում են դրանք»:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ ինքը որդեգրել է մի քաղաքականություն, որը պետք է նպաստեր ի հայտ բերելու նոր դեմքեր, պետք է ինքնադրսևորվելու հնարավորություն տրվեր երիտասարդ մասնագետներին: «Հին մարզիչները չեն ուզում կրթվել և սովորել, ոչ էլ ուզում են հեռանալ: Այս է խնդիրը»,-ասաց նա:

Արթուր Գևորգյանը 2013 թվականից ի վեր երկրորդ անգամ վերընտրվեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում