ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը մինչև նոր ընտրությունների անցկացումը դրամատիկ քայլերի չի գնա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ դիմելու են քայլերի՝ վարչապետի լիազորությունները նվազեցնելու ուղղությամբ:
«Ընդհանուր պետական համակարգում մենք բալանսավորման քաղաքականության պետք է գնանք այնպես, որ պետական համակարգի կայունությունը չխաթարվի: Բալանսավորում պետք է արվի, և ես այդ մասին հայտարարել եմ նաև որպես վարչապետի թեկնածու: Սակայն դա մի օրում տեղի չի ունենալու, քանի որ եթե այդ գործընթացը տեղի ունենա այնպես, որ չապահովվի պետական կառավարման համակարգի կայունությունը, մենք կունենանք շատ լուրջ խնդիրներ»,- ասաց կառավարության ղեկավարը:
Փաշինյանն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ բալանսավորում պետք է լինի ոչ թե նախագահի ու վարչապետի, այլ կառավարության ու Ազգային ժողովի միջև:
«Սա է խորհրդարանական համակարգի տրամաբանությունը: Եթե որևէ մեկը մտածում է, որ որևէ երկրում պետությունը կարող է ունենալ երկու ղեկավար, ապա դա այդ հանրապետության վերջն է: Հայաստանում հաստատված է խորհրդարանական համակարգ և, հետևաբար պետության պատասխանատվությունն ու ղեկավարումը դրված է կառավարության ու վարչապետի վրա: Բալանսավորումը պետք է տեղի ունենա օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների միջև, քաղաքացիական հասարակության լծակները պետք է ուժեղացվեն»,- ասաց Փաշինյանն՝ ընդգծելով նաև չորրորդ իշխանության ուժեղացման կարևորությունը, քանի որ նրանք պետք է վերահսկողություն իրականացնեն իրականացվող գործընթացների նկատմամբ:
Վարչապետը նաև կարծիք հայտնեց, որ նախագահի ինստիտուտի համար ևս մեկ-երկու արարողակարգային լիազորություններ պետք է ավելացվեն:
«Մինչև ընտրությունները մենք դրամատիկ քայլերի շատ չենք գնա: Մենք պարտավորված ենք զգում իրագործել ժողովրդի տված մանդատը, այդ թվում և սուպերվարչապետական համակարգը քայլ-քայլ վարչապետական կառավարման համակարգի վերածելու համար, և մենք դա անպայման կանենք»,- հայտարարեց նա: