«Ալիևի համար շատ դժվար է լինելու կառավարման 4-րդ շրջանը». ադրբեջանագետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղի ունեցած վերջին զարգացումները խոսում են այն մասին, որ այդ երկրում կան խնդիրներ մի շարք ուղղություններով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը նշեց, որ թվացյալ պատկերը, թե Ադրբեջանում իրավիճակը վերահսկվում է իշխող ընտանիքի կողմից, տեսնում ենք, որ այս վերջին իրադարձություններն այլ իրողության մասին են խոսում:

«Տեղի ունեցավ մահափորձ քաղաքապետի նկատմամբ, որից հետո ի նշան ձերբակալված անձի պաշտպանության ցույց անցկացվեց, որի ընթացքում 2 բարձրաստիճան ոստիկան սպանվեց: Այնինչ, սովորաբար Ադրբեջանում նման ակցիաների դեպքում լուրջ վերահսկողություն է իրականացվում»,-ասաց Տաթև Հայրապետյանը:

Սկզբնական շրջանում տեղեկատվական դաշտը հաղորդեց, որ քաղաքապետի նկատմամբ մահափորձը կենցաղային ֆոն ուներ, դրանից հետո խոսվեց ծայրահեղ կրոնականների, այնուհետև արտաքին միջամտության մասին, նույնիսկ հայկական հետք էին տեսնում:

Ադրբեջանագետի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են նման իրավիճակի առաջացման մեղքը բարդել բոլորի վրա և երբեք չվերցնել պատասխանատվություն: Եվ բավական է, երկրում լինի փոքր արտակարգ իրավիճակ, թե՛ տեղեկատվական, թե՛ պետական համակարգը, թե՛ ինստիտուտները, որոնք, ըստ էության, մեկ մարդուց են կախված, հայտնվում են կոլապսի մեջ:

«Այս դեպքով պայմանավորված՝ այժմ սկսվել է ձերբակալությունների զանգվածային ալիք, խոսվում է մոտ 100 ձերբակալվածի մասին, և նրանց բոլորին ներկայացնում են կրոնական ծայրահեղականների ֆոնի վրա: Իմ համոզմամբ, դա արտաքին ծածկույթն է, իրականում ներքին խնդիրներ կան, առկա են ներիշխանական պայքարի տարրեր»,-ասաց ադրբեջանագետը:

Տաթև Հայրապետյանը նշեց, որ այս բոլոր գործընթացներին իրենց ազդեցությունն են թողնում Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները: Մտավախություն կա, որ հայաստանյան իրադարձությունները կարող են արտահայտվել նաև իրենց երկրում: Տաթև Հայրապետյանի խոսքով, Ալիևի համար շատ դժվար է լինելու կառավարման այս 4-րդ շրջանը, որովհետև խնդիրները գնալով սրվելու են, ընդ որում, կանխատեսումներ կան, որ սա դեռ ավարտը չէ: Ամբողջատիրական թվացյալ վերահսկողությունն իր ճաքերն է տալիս, որովհետև ինստիտուտները չեն գործում:

Փորձագետ Լիանա Հովհաննիսյանի խոսքով, Ադրբեջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կարող են ինչ-որ կերպ ազդեցություն ունենալ սահմանային իրավիճակի վրա: Սովորաբար հասարակության ներքին խնդիրներից շեղելու համար, իշխանությունները փորձում են հանրությանը համախմբել արտաքին թշնամու նկրտումների գաղափարի շուրջ: Եվ պատահական չեն այս առումով հնչող հակահայկական հայտարարությունները:

«Ադրբեջանի գործողությունները դրսևորվում են մի քանի ուղղություններով՝ քաղաքական, ռազմական, տեղեկատվական, քարոզչական: Քաղաքական դաշտում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը դրսևորվում է բանակցային սեղանի շուրջ՝ շարունակելով չկատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաններից հնչում են ուժի կիրառման սպառնալիքի մասին հայտարարություններ, կարծես թե փորձում են հանրությանը պատրաստել պատերազմի, տեղի են ունենում կրակակետերի փոփոխություններ, ռազմական տեխնիկայի, զինուժի կուտակումներ: Այստեղ, կարծում եմ, միջազգային հանրությունն անելիք ունի, համարժեք պետք է արձագանքի իրավիճակը մեղմացնելու համար»,-ասաց փորձագետը:

Ինչ վերաբերում է տեղեկատվական, քարոզչական ոլորտում քայլերին, այստեղ նույնպես ակտիվություն է նկատվում, որն ուղեկցվում է ապատեղեկատվության տարածմամբ: Փորձագետը նշեց, որ հայկական մեդիան շատ գործ ունի անելու:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում