Դատարաններն իրոք անկախանում են. հարցազրույց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հետ

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ:

-Պարոն Հարությունյան, մամուլում հրապարակումներ եղան Բարձրագույն դատական խորհրդի վերջին մի քանի որոշումների վերաբերյալ դատավորների դժգոհությունների մասին, ինչպե՞ս եք դրան վերաբերվում:

-Պատասխանս կարող է Ձեզ քիչ շփոթեցնել, սակայն ես դա դրական եմ գնահատում և գտնում եմ, որ դատավորների նման ակտիվությունն արդեն իսկ վկայում է, որ նրանց անկախությունն իրողություն է դառնում: Նախկինում դատավորների անկախության տարաբնույթ դրսևորումները հաճախ ավարտվում էին կարգապահական վարույթ­ներով:

Դրական է նաև այն, որ ուշադրություն է հրավիրվում «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի մի շարք խնդրահարույց դրույթների վրա, որոնք մեր կողմից նույնպես քննարկման առարկա են և արդեն իսկ նախապատրաստվել են մի շարք առաջարկություններ դրանց փոփոխությունների վերաբերյալ:

Սակայն ինչպես ասում են, մեդալն ունի նաև երկրորդ երեսը: Կարծում եմ՝ դժգոհությունները զգալի չափով պայմանավորված են Դատական օրենսգրքով նախատեսված այն վերափոխումներով, որոնք այս 3-4 ամիսների ընթացքում իրականացվում են: Մասնավորապես, նախկինում դատարանների նախագահների նշանակումներն իրականացվում էին, այսպես կոչված, նախապես «համաձայնեցված» մեկ թեկնածու առաջադրելով: Ներ­կայումս պատկերն արմատապես փոխվել է: Վերջին երեք ամսում Բարձրագույն դատա­կան խորհրդում տարբեր նշանակումների համար որպես թեկնածու քննարկվել և քվեարկվել է շուրջ 300 անձ: Նրանցից ընտրության կամ նշանակման են առաջադրվել 30-ից պակաս հավակ­նորդներ: 270 դեպքերում քվեարկության մասնակիցները, ովքեր Բարձրագույն դատական խորհրդի 6 և ավելի անդամների ձայները չեն ստացել, գուցե նաեւ այս կամ այն չափով անբավարա­րության զգացողություն են ունեցել: Ես նրանց նույնպես փորձում եմ հասկանալ, սակայն բարեփոխված ընտրակարգը Սահմանադրության 215-րդ և Դատական օրենսգրքի 166-րդ հոդվածի 29-րդ մասի պահանջների իրացումով է պայմանավորված, և այդ ահռելի ծավալի աշխա­տանքները պետք է կատարվեին շատ սեղմ ժամկետներում:

-Դժգոհությունը, որքան տեղեկացած եմ, պայմանավորված է նաև նրանով, որ վերաքննիչ դատարաններում դատավորների առաջխաղացման ցուցակները կազմելիս դրանցում գործող դատավորներից որևէ մեկը չի ընդգրկվել: Արդյո՞ք դա արդարացի է:

-Այս հարցում նույնպես պետք չէ պատասխանը փնտրել սևի ու սպիտակի միջակայքում: Դատական օրենսգրքով առաջին անգամ նախատեսվեց, որ որոշակի պայմանների բավարարող իրավաբան գիտնականները նույնպես կարող են ներառվել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղաց­ման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում: Նման նորամուծությունն Օրենսգրքի հեղինակները հիմնավորում են միջազգային փորձով, երբ բարձր դատական ատյաններում մինչև 1/3-ի չափով գիտնականների ներգրավումը էապես նպաստում է արդարադատության արդյունա­վետության և որակի բարձրացմանը, դատարանի նկատմամբ հանրային վստահության մեծացմանը: Սակայն ես կարծում եմ, որ նման հնարավորությունը պետք է այնպես կանոնակարգվեր, որպեսզի գործող դատա­վորների համար առաջխաղացման հեռանկարը տեսանելի լիներ: Իմ անձնական կարծիքն այն է, որ Օրենսգրքով պետք է հստակ քվոտա սահմանվի, որ առաջխաղացման ցուցակ­ներում գիտնական անդամները չեն կարող ընդհանուր թվի ½-ից ավելին լինել:

Քանի դեռ մենք ունենք հիշյալ ցուցակների լրացման հնարավորություն, կփորձենք հետագայում այս հանգամանքը հաշվի առնել: Ավելացնեմ նաև, որ ցուցակ կազմելը դեռ դատավոր նշա­նակել չէ: Պետք է նախ Դատական օրենսգրքի 124-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա այդ ցուցակները մինչև օգոստոսի 1-ը հաստատվեն, իսկ նշանակումների համար հնարավոր առաջադրումները պետք է լինեն 2019-2020 թվականների ընթացքում, երբ հնարավոր կլինեն նաև նոր համալրումներ:

-Տարբեր դատարանների հետ Ձեր հանդիպումների ժամանակ հաճախ է անդրադարձ լինում նաև դատական համակարգում կոռուպցիայի հաղթահարման հիմնախնդրին: Արդյո՞ք հեղափոխությունից հետո այս խնդրի հրատապությունը պահպանվում է:

-Ձեր հարցի պատասխանը կարող է տալ այն հազարավոր նամակների ուսումնասիրությունը, որոնք մենք ստանում ենք տարբեր քաղաքացիներից: Կատարվել է նաև ընդհանուր իրավիճակի առարկայական գնահատում: Ես կոնկրետ տեղեկատվություն չեմ կարող հրա­պարակել, քանի որ այս պահին դրա իրավասությունը չունեմ, սակայն պետք է փաստեմ, որ խնդիրը դեռևս մտահոգիչ է ու նաև դրա հաղթահարմանն են ուղղված այս ոլորտում իրականացվող բարեփոխումները:

-Իսկ Ձեր կարծիքով Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների գնահատման չափանիշները հստակ ու թափանցի՞կ են:

- Դատական օրենսգրքի 166-րդ հոդվածի 27-րդ մասը սահմանում է, որ դատավորների առաջին հերթական գնահատումն իրականացվում է 2019 թվականի հունվարի 1-ից 2024 թվականի հունվարի մեկն ընկած ժամանակաշրջանում: Այդ ընթացքում, նաև մշտադիտարկման արդյունքների հիման վրա, կիրականացվի նաեւ կոնկրետ ռեյտինգավորում, որին հետագայում կփորձեմ մանրամասն անդրադառնալ:

Օրենսգրքի 18-րդ գլուխն ամբողջությամբ վերաբերում է դատավորների գործունեության գնահատման կանոնակարգմանը, որտեղ հստակեցված են գնա­հատման տեսակները, չափանիշները, կարգը և արդյունքների ամփոփման ընթա­ցակարգը:

Միաժամանակ, Օրենսգրքի 139-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհրդին իրավասություն է վերապահվել սահմանել դատավորների գործունեության գնահատ­ման մեթոդաբանությունը, անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը և այլ ման­րամասները: Այդ բոլորի ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն ինտենսիվ տարվում են, և Խորհուրդը համապատասխան որոշումները կընդունի աշնանը ու հետագայում դրանք հիմք կծառայեն դատավորների օբյեկտիվ գնահատումը երաշխավորելու համար:

- Արդյո՞ք կա հնարավորություն ոչ արժանի դատավոր նշանակվելու դեպքում վիճակի շտկման:

-Ցանկացած դատավոր, եթե իր պարտականությունների մեջ թերանում է կամ իր լիազորություններն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում է թույլ տվել, առնվազն նրա նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել և ընդհուպ՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, լիազորությունները դադարեցվել: Իսկ դատավորի թեկնածուի նշանակման դեպքում հակակշռող կարևոր դերակատարություն ունի Հանրապետության նախագահը, ով օրենքով սահմանված կարգով կարող է առաջադրման վերաբերյալ առարկություն ներկայացնել և չնշանակել:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում