Երևանի ավագանու արտահերթ նիստին քվորում չկար, հայտարարվեց 30 րոպե ընդմիջում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 16-ին նախատեսված Երևանի ավագանու արտահերթ նիստում քվորում չապահովվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նշեց, որ ներկա է ավագանու 5 անդամ:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն ավագանու նիստն իրավազոր է, եթե ներկա են ավագանու անդամների օրենքով սահմանված թվի կեսից ավելին: Այս պահի դրությամբ ներկա են ավագանու 5 անդամ: Քվորում չունենք, հետևաբար, նիստն իրավազոր չէ»,-ասաց Կամո Արեյան:

Հայտարարվեց 30 րոպե ընդմիջում:

Հուլիսի 15-ին Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։

«Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։

Խորապես համոզված ենք, որ, ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով, նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները»,- ասված էր խմբակցության հայտարարությունում։

Հուլիսի 14-ին ավագանու ԵԼՔ խմբակցությունը ևս հայտարարել էր, որ չի մասնակցելու ավագանու հուլիսի 16-ի նիստին։

Հայերեն English Русский