Ամերիկահայ ռեժիսորը Հայոց ցեղասպանությանը վերաբորող ֆիլմ կնկարահանի Հայաստանում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ ռեժիսոր Ռոբերթ Դերանյանը մտադիր է 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել Հայաստանում: Նա ցանկանում է կինոժապավենում ներգրավել ինչպես արտասահմանցի, այնպես էլ հայ դերասանների:

Այս և «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցության մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Դերանյանի հետ:

«Ձգտում եմ պատմական-վավերագրական կողմից ներկայացնել Հայոց ցեղասպանությունը: Կինոնկարը հիմնված կլինի մի հուշագրության վրա: Ինձ հետ Հայաստան կբերեմ ստեղծագործող և նկարահանող անձնակազմին, բայց ցանականում եմ ֆիլմում ընդգրկել նաև հայ դերասանների»,-ասաց նա:

Ռեժիսորի խոսքով` կստեղծեն գյուղի պատկեր, որտեղ տեղի ունեցող գործողությունները ցույց կտան, թե ինչ է կատարվել 1915-ին: Ուզում եմ` մարդկանց լայն շրջանակն իմանա այդ պատմական իրողության մասին»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցությանը` Դերանյանն ասաց, որ առաջին անգամ է փառատոնի մաս կազմում, բայց նախկինում բազմիցս եղել է Հայաստանում:

«Այն ֆիլմը` «Տաբուն»-ն, որն այս տարի ներկայացրել եմ կինոփառատոնի հայկական համայնապատկեր բաժնում, շատ նման է Ռոմեոյի և Ջուլիետի պատմությանը: Թեման Հայաստանն ու Թուրքիան են: Փորձել եմ ավելի թարմ և երկու տեսանկյունից ներկայացնել 1915-ին կատարված իրադարձությունները, դրանց ազդեցությունը ներկայիս սերնդի վրա: Կինոժապավենում ամերիկահայ ուսանողը սիրահարվում է թուրք ուսանողուհուն: Աղջիկը, ի տարբերություն տղայի, աղոտ պատկերացում ունի կատարված դեպքերի մասին»,-ներկայացրեց Դերանյանը:

Ռեժիսորը նշեց, որ կինոնկարը ցուցադրվել է Կալիֆորնիայում և Ֆլորիդայում: «Չեմ կարող ասել հանդիսատեսի շարքերում եղե՞լ են թուրքեր, թե ոչ, բայց հայ արվեստասերներն այն շատ են հավանել:

Այս պատմության մեջ չի ժխտվում Հայոց ցեղասպանության իրողությունը: Խնդիրը հետևյալն է. այնպես ասել ու պատմել դրա մասին, որ դիմացինը կարողանա ընկալել դա: Ֆիլմում չեմ ասում թուրք աղջիկն ի վերջո հասկանու՞մ է՝ ինչ է կատարվել, թե ոչ:

Կարծում եմ, որ արդար և ազատամիտ թուրքերն ի վերջ կընդունեն եղելությունը»,-եզրափակեց ռեժիսորը:

Ռոբերտ Դերանյանը կինոարվեստ է դասավանդում Կայզեր համալսարանի Ֆլագշիփ ուսանողական ավանում: Որպես սցենարի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր նշանակալի փորձ ունի թե՛ գեղարվեստական, թե՛ վավերագրական կինոյում (կարճամետրաժ, լիամետրաժ, կորպորատիվ): Գիտական աստիճան ունի «արհեստական ինտելեկտ և պլազմային ֆիզիկա» մասնագիտացմամբ: Ի սպաս դնելով գիտության և ճարտարագիտության ասպարեզների իր գիտելիքները՝ նկարահանում է ֆիլմեր, որոնք թե՛ լուսաբանող են, թե՛ ժամանցային: Դերանյանը նաև մոնտաժող է, ինչպես և շատ այլ դերեր է ստանձնել նկարահանման հրապարակում և դրանից դուրս, ներառյալ բյուջեի, պլանավորման, նկարահանման տարածքի կազմակերպման, նկարչական ձևավորման ոլորտներում՝ արտահայտելով ֆիլմ ստեղծելու իր եռանդն ու կիրքը:

Նրա ֆիլմերն են` «Եզակիության սկզբունքը», «Երաժշտություն առ խենթություն. Կոմիտասի պատմությունը», «Երկրորդ օրենքը»:

Հայերեն العربية English Русский

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի անկախության 35-ամյակը

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը